«Բա մեզ ինչի՞ չեն զորացրում». Վաչե Գաբրիելյանը՝ Հրայր Թովմասյանին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու հարցը: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Հ. Թովմասյանն իր ելույթում նկատեց, որ այս պաշտոնն իր բնույթով չի ենթադրում քաղաքական անելիքներ, ծրագրեր. «Արդարադատություն իրականացնելիս ՍԴ նախագահի լիազորությունները նույնական են, ինչ ՍԴ մյուս անդամներինը: ՍԴ նախագահը մեկ գլխավոր առաքելություն ունի՝ ՍԴ բնականոն գործունեության ապահովումն է»:

Խոսելով իր ծրագրի մասին, Հ. Թովմասյանը նշեց, որ կարելի է մտածել ՍԴ նիստերն ուղիղ հեռարձակելու մասին, ինչպես նաև որոշումները կայացնելուց հետո՝ ՍԴ նախագահը կարող է հանդիպել լրագրողների հետ և պատասխանել լրագրողների հարցերին:

Նրա գնահատմամբ՝ այն նշաձողը, որ վերցրել է ՍԴ նախագահը, բավականին բարձր է, ինչով, ըստ նրա, կարելի է միայն հպարտանալ:

Կարդացեք նաև

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցով դիմեց Հ. Թովմասյանին. «Եթե դուք ընտրվեք ՍԴ նախագահ, պաշտոնավարելու եք մինչև 2035 թվականը, ձեզ անկեղծ մաղթում եմ ամուր, քաջ առողջություն, բայց 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով նախատեսված է, որ ՍԴ անդամը պետք է պաշտոնավարի վեց տարի, արդյոք որոշակի դիսկոմֆորտ, անարդարության զգացում հօգուտ ձեզ չե՞ք զգում այս հանգամանքով պայմանավորված»:

Ի պատասխան՝ Հ. Թովմասյանն ասաց.Հ «Այսօր էլ, որ նայում ենք Սահմանադրությանը, որոշ հարցեր կարող էինք այլ կերպ կարգավորել, որոշ հարցերի այլ կերպ կարելի էր անդրադառնալ, բայց այդ ամբողջը չի արվել:

Եթե նման դիսկոմֆորտի մասին ենք խոսում, մենք ունենալու ենք դատավոր, որ 35 տարի է պաշտոնավարելու: Ես ինքս չգիտեմ՝ այդ նախատեսված ժամկետին մինչև վերջ լինելո՞ւ եմ այդ պաշտոնում, ճակատագիրն ո՞ւր է ինձ տանելու: Մենք մի բան ունենք թողնելու՝ երբեք Սահմանադրությունը չխախտել:

2012 թվականի դեկտեմբերի 17-ն էր, առավոտյան զանգահարեց այն ժամանակվա Ֆինանսների նախարար, հիմա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Առանց կատակի տոնի ասաց՝ «մեզ մոտ ժամկետային զինվորական ծառայությունը որքա՞ն է», ասացի՝ 2 տարի, ինչի՞ համար ես հարցնում, ասաց՝ «բա մեզ ինչի՞ չեն զորացրում»:

Ես ու ինքը 2010 թվականի դեկտեմբերի 17-ին էինք նշանակվել: Այդ հումորի մեջ կարծում եմ՝ բավականին մեծ փիլիսոփայություն կար: Վստահ եմ, որ ձեզնից յուրքանչյուրին ծանոթ է՝ ինչ է նշանակում քո ընտանիքի համար որոշում կայացնելը, և ինչ է նշանակում որոշում կայացնել, ինչը վերաբերվում է քո երկրին, ժողովրդին: Դրանք բարդ, պատասխանատու վիճակներ են»:

Տեսանյութեր

Լրահոս