
Մուամար Քադաֆիի որդին մասնակցելու է Լիբիայի նախագահական ընտրություններին

Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, իր թեկնածությունն է առաջադրել երկրի նախագահի պաշտոնի համար: Ինչպես մարտի 19-ին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը, Թունիսում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է նրա ներկայացուցիչ Այման Բուրասը։
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Բուրասը հավելել է, որ Սեյֆ ալ Իսլամի նպատակը «երկիրը փրկելն է, անձնական ու ընդհանուր ազատությունները պաշտպանելը եւ ահաբեկչության լիակատար ոչնչացումը պետության տարածքում»: Բուրասի խոսքով՝ շուտով նախագահության թեկնածուն կդիմի ընտրողներին եւ ավելի հանգամանորեն կպատմի իր նախընտրական արշավի մասին:
44-ամյա Սեյֆ ալ Իսլամը՝ Մուամար Քադաֆիի ավագ որդին երկրորդ ամուսնությունից, հոր կողմից դիտվում էր որպես հավանական ժառանգորդ: Նա կրթությամբ ճարտարապետ է եւ ինժեներ, ուսանել է Ավստրիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքական գիտությունների դպրոցը, որտեղ նրան շնորհվել է փիլիսոփայության դոկտորի աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: