Բաժիններ՝

«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում. Հիմա «լազեյկեք» եք փնտրում». Արարատ Միրզոյան

«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»,- այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի քննարկման ժամանակ:

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանի առաջարկով` եթե խորհուրդը կազմված է 10 անդամից, ապա նրանցից 1-ը կարող է լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող, 20 անդամի դեպքում` 2-ը:

ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանը հարցադրում արեց` եթե անձամբ ինքը լինի բուհի խորհրդի կազմում, իր աջակցությունը բուհին օգո՞ւտ է, թե՞ ոչ:

Ա.Միրզոյանը պատասխանեց, որ կարելի է աջակցել՝ առանց խորհրդի անդամ լինելու, ինչն էլ կոռուպցիոն ռիսկերը կպակասեցնի:

Ա.Սաղաթելյանը չհամաձայնեց` նշելով, որ, եթե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը լինի բուհի խորհրդի կազմում, նրա գործունեությունն ակնհայտ է լինում, իսկ Միրզոյանի առաջարկը ստվերային ազդեցության է դրդում:

Դժգոհեց նաև հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը` պաշտպանելով իր իրավունքը` ունենալով քաղաքական պաշտոն, լինել բուհի խորհրդի կազմում. «Այդ սահմանափակումը չպետք է լինի: Այդպիսով կարող է անհրաժեշտ մարդկանց չկարողանանք խորհուրդ ներառել»:

Ա.Միրզոյանը նկատեց, որ կարող են քվեարկել ու անցկացնել ամեն ինչ:

«Տենց բաներ չխոսաս: Մի մտածի, որ մեր հանձնաժողովում կարող ա հանկարծ մեկը իր ուզածը անցկացնի,- ասաց Բոստանջյանը և հարցի քվեարկությունից ու դրական եզրակացության արժանանալուց հետո արձանագրեց,- Հրայր Թովմասյանը անցավ»:

«Հրայր Թովմասյանը վերջերս ուր անցնում ա, անցնում ա»,- փորձեց կատակել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս