Արմեն Սարգսյանը հանդիպել է «Արևելք-Արևմուտք ինստիտուտ»-ի անդամների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել «Արևելք-Արևմուտք ինստիտուտ» (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ: Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
«Արևելք-Արևմուտք ինստիտուտ» կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Ներկա փուլում կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում: Ինստիտուտը տարբեր ոլորտներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսիք են կանխարգելիչ դիվանագիտությունը, տնտեսական և տարածաշրջանային անվտանգությունը, կիբերանվտանգությունը:
Ինստիտուտի պատվավոր նախագահներ և տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, «ՊեպսիԿո» ընկերության հիմանդիրի Դոնալդ Քենդալը և շատ ուրիշներ:
Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է Ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։