Արուսիկ Տիգրանյանը ներողություն է խնդրել
Առաջին ալիքով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը մարտի 8-ի կապակցությամբ հումորային համատեքստով հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկից և հաղորդումը համացանցից հեռացնելուց հետո ներողություն է խնդրել հանրությունից:
Նա նշել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների հետ հարցազրույցներում ծաղրելու միտում չի ունեցել: Համացանցում մեծ աղմուկ բարձրացած տեսանյութը հանրությունն որակել էր ծաղրանք:
«Սիրելինե՛րս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, եւ բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որեւէ մեկին, եւ չենք նկարել որեւէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին՝ ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել:
Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թե՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, եւ ինչպես իրենք նշեցին. «Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել»։
Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն։ Իմ ցանկությունն էր հավասար հարթության վրա ցույց տալ այն անձանց, ում գրեթե չենք անդրադառնում, եւ ցույց տալ, որ իրենք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթեւ տեսանյութերի»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում:
Մարտի 14-ին էլ Արամ MP3-ին էր իր էջում գրառում կատարել՝ նշելով, որ իրենցից որևէ մեկը միտում չի ունեցել որևէ մեկին նեղացնելու:
Հաղորդմանը համացանցում բարձրացված աղմուկից հետո անդրադարձել է նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անթույլատրելի համարելով նման վերաբերմունքը: Նա հայտարարել էր, որ կզրուցի Առաջին ալիքի ղեկավարության հետ՝ շտկելու սխալները: