
Նյու Յորքում ուղղաթիռի կործանման զոհերի թիվը հասել է հինգի

Նյու Յորքում ուղղաթիռի կործանման զոհ է դարձել հինգ մարդ: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Երկու մարդ մահացել է տեղում, երեքը՝ հիվանդանոցներում: Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ ավիաաղետի հետեւանքով զոհվել է առնվազն երկու մարդ:
Ուղղաթիռը մարտի 11-ի երեկոյան (Երեւանի ժամանակով լույս մարտի 12-ի գիշերը) ընկել է Նյու Յորքի Իսթ Ռիվեր նեղուցը: Օդանավում գտնվում էր վեց մարդ, ներառյալ օդաչուն, որը դուրս է եկել ինքնուրույն: Մնացած հինգին դա անել չի հաջողվել: Ոստիկանությունն ու ջրասուզակները ջրից դուրս էին բերել հինգ մարդու, նրանցից երեքը հոսպիտալացվել էին օրհասական վիճակում:
Ողղաթիռը պատկանում է Liberty Helicopter մասնավոր ընկերությանը, որը չարտերային թռիչքներ է կատարում քաղաքի վրա՝ տեսարժան վայրերն ու գեղեցիկ բնանկարները նկարահանելու համար: Փրկարար գործողությանը մասնակցել են ոստիկաններ, ջրասուզակներ եւ ԱՄՆ-ի Առափնյա պահպանության աշխատակիցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: