Բաժիններ՝

Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ ապագա սենատորի կյանքը

Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը կյանքի փրկության համար պարտական է հայ զինվորին: Այս մասին նա իր ելույթում նշել է մարտի 9-ին, երբ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները նրան պատգեւատրել են Ազգային ժողովի պատվո մեդալով:

«Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ տարիներ առաջ Հայաստան ժամանելով դեռեւս որպես ԱՄՆ Կոնգրեսի շարքային աշխատակից` Մարկ Քըրքն այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ հայ զինվորը՝ այդ այցը կարող էր վերջինը դառնալ:

«Մենք խրամատում էինք, Տերտերի մոտակայքում, նայում էինք ադրբեջանական դիրքերի վրա: Ես սխալմամբ գլուխս բարձրացրեցի եւ հենց այդ պահին օձիքիս վրա զգացի հայ զինվորի ձեռքը, որն ինձ հետ քաշեց: Անմիջապես այն տեղով, որտեղ մեկ վայրկյան առաջ գլուխս էր, անցավ ադրբեջանական գնդակը: Հայ զինվորն իմ կյանքը փրկեց, իսկ ինձ համար դաս եղավ, որ չի կարելի գլուխը բարձրացնել խրամատից»,-ասել է նա:

Այդ այցելությունից սենատորը եւս մեկ դաս է քաղել: Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի նկատմամբ պատմությունն անարդար էր եւ անհրաժեշտ է վերականգնել պատմական արդարությունը, առաջին հերթին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ է հիշում հայերին, կրկնում է սենատոր Քրքը Ադոլֆ Հիտլերի սարսափելի հարցը:

«Ո՞վ է հիշում հայերին՝ ե՛ս եմ հիշում հայերին, եւ մեզանից ոչ ոք չպետք է մոռանա Հայոց ցեղասպանությունը, չպետք է մոռանա հայ ժողովրդին՝ հրաշալի, արարիչ ժողովրդին»,-ասել է նա:

Սենատորի պաշտոնին Մարք Քըրքի հայանպաստ աշխատանքի ծավալն աննախադեպ էր, նշում են ԱՄՆ-ի հայ համայնքի կարեւորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի ու ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներ Բրայըն Արդունին ու Արամ Համբարյանը: ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն էլ շնորհակալություն է հայտնել Հայաստանի անունից:

«Դուք ձեր ուրույն տեղն եք գրավել մեր սրտերում, մենք էլ հույս ունենք՝ Հայաստանը ձեր սրտում իր տեղն ունի»,-նշել է դեսպանը:

Պատվո մեդալը փոխանցելիս Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ տարիներ առաջ հետեւելով Մարկ Քըրքի գործունեությանը չէր պատկերացնում, որ հենց ինքն է հանձնելու մեդալը:

«Ես նույնիսկ չէի կարող երազել, որ պատիվ կունենամ այս մեդալով պարգեւատրել հարգարժան սենատորին»,-հավելել է Արփինե Հովհաննիսյանը:

Տեղեկանալով, որ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը, սենատոր Քըրքը, ով ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության անդամ է, անմիջապես կատակել է:

«Եթե ԱՄՆ-ում իրադարձությունները վատ ընթանան եւ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմը ձախողվի, մենք՝ ԱՄՆ-ի հանրապետականներս, հավանաբար Հայաստան կտեղափոխվենք՝ ապաստան խնդրելու»,-ասել է Մարք Քըրքը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս