ՄԻԵԴ-ի վճռով՝ ՀՀ կառավարությունը 48 հազար եվրո կվճարի Եհովայի վկաներին
Կառավարության այսօրվա նիստում կառավարության պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացվեց 48 հազար եվրոյին համարժեք դրամ, որը նախարարությունը պետք է տրամադրի 4 քաղաքացու՝ ՄԻԵԴ-ի վճիռը կատարելու նպատակով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով «Ադյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործը, 2017 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի դեմ վճիռ էր կայացրել: Վճիռը կատարելու համար թվով 4 քաղաքացու կհատկացվի 12-ական հազար եվրոյին համարժեք դրամ: Առաջին վճռի դեպքում մարման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է, երկրորդի դեպքում՝ ապրիլի 12-ը:
«Ադյանը և այլք՝ ընդդեմ Հայաստանի» գործով տուժող քաղաքացիները 2011 թվականին չէին ներկայացել զինկոմիսարիատ՝ բանակ զորակոչվելու համար: Այդ ժամանակ նրանք դիմումներ էին ներկայացրել, որ հանդիսանում են Եհովայի վկա կրոնական կազմակերպության անդամ և պատրաստ են այլընտրանքային ծառայության անցնել:
Նույն տարում նրանց մեղադրանք էր առաջադրվել ժամկետային ծառայությունից խուսափելու համար և նրանք ձերբակալվել էին: Դրանից հետո նրանք կալանավորվել էին:
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ իշխանությունները տվյալ ժամանակահատվածում պատշաճ ուշադրություն չեն դարձրել դիմումատուների խղճի ու համոզմունքների պահանջներին և չեն երաշխավորել այլընտրանքային ծառայության այնպիսի համակարգ, որով արդարացի հավասարակշռություն է հաստատվում, ընդհանուր առմամբ հասարակության և դիմումատուների շահերի միջև։