Բաժիններ՝

«Ամեն ինչ կարվի, որպեսզի պետական բյուջեից հայկական կինոարտադրությանը տրամադրվող գումարները մնան Հայաստանում». Արմեն Ամիրյան

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեցին Ազգային կինոկենտրոնի նոր կանոնակարգն ու դրա մեխանիզմները:

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն առավել մանրամասն ներկայացնելով նոր կանանադրությունը՝ ընդգծում է.

«Նոր կանոնադրության համաձայն՝ Ազգային կինոկենտրոնն ունի տնօրեն և երկու փոխտնօրեն, ինչպես նաև՝ ֆիլմ հանձնակատար: Բոլոր գործառույթները բաժանված են վերոհիշյալ չորս անդամների միջև, որի նպատակն է՝ զարգացնել կինոն ինչպես տեղում՝ Հայաստանում, այնպես նաև՝ օգնել տարածելու հայկական կինոմշակույթը համաշխարհային շուկայում:

Ֆիլմ-հանձնաժողովը բաղկացած է չորս բաժիններից՝ արտաքին կապերի, աջակցման կենտրոնի, դիստրիբյուցիայի և կրթական ծրագրերի: Արտաքին կապերի բաժինը կունենա երկու մասնագիտացված բաժիններ՝ համաշխարհային և տեղական կինոփառատոների հետ համագործակցությունների ծրագրի բաժին, ինչպես նաև համատեղ կինոարտադրության զարգացման բաժին, որ կաշխատի՝ ինչպես տեղական, այնպես նաև՝ համաշխարհային կինոարտադրող ընկերությունների հետ միասին»:

Անդրադառնալով ֆիլմերի ընտրության կարգի հետ կապված հարցերին՝ Արսեն Բաղդասարյանն առանձնացնում է՝ մշակվել է թվով 7 պարզ քայլերից կազմված համակարգ.

«Այն նախագծերը, որոնք Հայաստանի Ազգային կինոկենտրոնից պետական աջակցություն են ակնկալում, առաջին քայլով ներկայացնում են իրենց հայտերը՝ Ազգային կինոկենտրոնին: Հաջորդ քայլով մրցութային հանձնաժողովի նիստում հայտերը ներկայացնում են տեխնիկական և գեղարվեստական փորձագիտական խմբի քննարկմանը, որից հետո տեխնիկական փորձագիտական խումբը գնահատում է նախագծերի իրավական ֆինանսական և տեխնիկական մասերը, իսկ գեղարվեստական փորձագիտական խումբը բալային սիստեմով գնահատում է դրանց գեղարվեստական մասը:

Գնահատման արդյունքների հիման վրա ընտրված լավագույն նախագծերի հեղինակները հրավիրվում են լսումների՝ փիչինգների: Այնուհետև Կինոկենտրոնի տնօրենն ու ֆիլմ հանձնակատարը լսումների արդյունքներում հաստատում են լավագույն նախագծերն ու դրանց ֆինանսավորման չափերը, որից հետո հավանության արժանացած նախագծերը ներկայացվում են արդեն Մշակույթի նախարարություն, մշակույթի նախարարի վերջնական հաստատմանը»:

Կինոկենտրոնի կողմից ֆինանսավորման ակնկալիքներ ունեցող նախագծերի ընթացակարգը կընթանա բաց և թափանցիկ՝ տեղադրվելով Ազգային կինոկենտրոնի պաշտոնական կայքում: Ֆիլմերի նախագծերի քննարկումները տեղի կունենան նաև լրագրողների ներկայությամբ, բացառությամբ այն փուլերի, որտեղ կքննարկվեն նախագծերի հետ կապված ֆինանսական հարցերը:

Այս տարի նախատեսվում է նաև բազմաթիվ պրեմիերաներ՝ ռեժիսորներ Մհեր Մկրտչյանի, Էդգար Բաղդասարյանի, Արամ Շահբազյանի և այլոց կողմից:

Ասուլիսի մասնակից, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավաստիացնում է՝ ամեն ինչ կարվի, որպեսզի պետական բյուջեից հայկական կինոարտադրությանը տրամադրվող գումարները մնան Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս