Բաժիններ՝

«Քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչվել, այն դեռ շարունակվում է». Երևանում տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» վավերագրական տեսաֆիլմի պրեմիերան

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» վավերագրական տեսաֆիլմի պրեմիերան, որին նախորդեց ֆիլմի գործադիր արտադրողներ Դին Քեյնի և Մոնթել Վիլյամսի մասնակցությամբ մամուլի ասուլիսը:

«Ժխտման ճարտարապետները» պատերազմի և բռնության, ցեղասպանության պատմություն էր՝ ավելի քան մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրականացված անասելի ու անմարդկային հանցագործության, որ տեղի էր ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի վերջում՝ ռազմական այդ միգում, որի արդյունքում Օսմանյան կայսրության կողմից ավելի քան 1,5 միլիոն հայ սպանվեց: Ֆիլմի թեման Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գիծն է:

«Ժխտման ճարտարապետներ» փաստավավերագրական ֆիլմը հիմնված է պատմաբանների ուսումնասիրությունների և ցեղասպանությունից փրկվածների պատմությունների վրա: Ֆիլմում ներառված են մի շարք փորձագետների վկայություններ, ովքեր ներկայացնում են պատմության «ժխտողականության» կապն աշխարհի տարբեր անկյուններում ներկայումս տեղի ունեցող էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների հետ:

Սա աշխարհի ամենառազմականացված սահմաններից է, ասում է ֆիլմի գործադիր արտադրողներից՝ ասուլիսի մասնակից, պատմաբան, դիվանագետ Դին Քեյնին, ով հայկական ցեղասպանության մասին առաջին անգամ լսել է ազգությամբ հայ իր ընկերոջից՝ Քևին Մաթոսյանից, և հավելում՝ 1993 թվականին հայտարարված հրադադարի օրվանից լայնորեն ականապատված և երկու կողմերի դիպուկահարների հսկողության տակ գտնվող այս տարածքը քրիստոնյաների և մուսուլմանների, հայերի և թուրքերի, անցած և ապագա ցեղասպանության միջև եղած դարավոր անդունդի վկայությունն է.

Կարդացեք նաև

«Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր մեկը, ով կդիտի այս ֆիլմը, հասկանա՝ քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչվել, այն դեռ շարունակվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղի պարագայում էլ մենք տեսնում ենք, որ Ցեղասպանությունը կարող է կրկնվել՝ շատ ավելի մեծ մասշտաբներով: Շարքային ամերիկացիների և անգամ ԱՄՆ-ում ապրող շարքային թուրքերի բերանից հաճախ եմ լսում՝ ցեղասպանություն իսկապես տեղի է ունեցել: ԱՄՆ կառավարությունն է, որ չի ճանաչում դարասկզբի ոճրագործությունը՝ որպես ցեղասպանություն: Շատ քաղաքական գործիչներ, անգամ ԱՄՆ-ում, ընդունում են, որ ցեղասպանություն եղել է, սակայն քաղաքական որոշ պատճառներից ելնելով՝ չեն կարող ճանաչել այն: Ցանկացած մարդ, ով երբևէ ուսումնասիրել է հայկական ցեղասպանության թեման, չի կարող չխոստովանել, որ այն իրոք տեղի է ունեցել, որովհետև այդ մասին աղաղակող փաստերն ահռելի են»:

Ֆիմի արտադրողները ընդգծում են՝ այսօր Հայաստանը Մերձավոր Արևելքում քրիստոնեության վերջին ամրակետերից է՝ շրջապատված թշնամիներով: 150.000-ից ավելի քրիստոնյա հայեր Լեռնային Ղարաբաղում ապրում են Ադրբեջանի կողմից ռազմական պաշարման մշտական սպառնալիքի ներքո, սկսած 1993թ. ԽՍՀՄ-ի փլուզման պահից, երբ խաթարվեց առանց այն էլ փխրուն համերաշխությունը երկու ժողովուրդների միջև:

Ասուլիսի մյուս մասնակից, ֆիլմի գործադիր արտադրող Մոնթել Վիլյամսը նկատում է. ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված իր աշխատանքը նախևառաջ ուղղված է ատելության դադարեցմանը, որովհետև ցեղասպանությունը ոչ այլ ինչ է, քան ատելություն՝ մեկ այլ ազգի, մեկ այլ տեսակի նկատմամբ.

«Մի բան, որ ինձ իրոք անհանգստացնում է, այն է, որ 1894-96 թվականների համիդյան ջարդերից սկսած, ոչ ոք աշխարհում ձայն չի բարձրացրել և չի կանգնեցրել այդ անմարդկային ոճրագործությունը, որ տեղի էր ունենում հայերի նկատմամբ: Միգուցե հենց դա էր հիմնական պատճառը, որ արդեն 1915 թվականին ցեղասպանությունն այդպիսի զարհուրելի իրականության վերածվեց:

Միգուցե եղան այնպիսիք, ովքեր ասացին՝ աշխարհի քթի տակ նման բան եղավ, և ոչ ոք ձայն անգամ չհանեց, ուրեմն չփորձե՞նք ևս մեկ անգամ՝ հասնելու վերջնական նպատակին: Ի վերջո, հայտնի է նաև նացիստական Գերմանիայի առաջնորդի՝ Հիտլերի խոսքերն այս առիթով՝ իսկ ո՞վ է այսօր հիշում հայոց ցեղասպանության մասին: Մեզ թվում է, թե մենք աճել ենք, դուրս ենք եկել անմարդկային ոճրագործությունների ընդունակ դարաշրջանից, բայց հենց այսօր էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում աֆրիկյան մայրցամաքում, Հարավային Ամերիկայում, Հարավ-արևելյան Ասիայում և այլն: Ցեղասպանությունը շարունակվում է: Ես կարծում եմ՝ մենք՝ որպես մարդկություն, որ հաջողել ենք հասնել այսօրվա քաղաքակիրթ ժամանակներին, պետք է կարողանանք հաղթահարել ատելությունը, և միավորվենք՝ հանուն մարդկության դրական և լուսավոր կողմի»:

Մոնթել Վիլյամսը նկատում է՝ ԱՄՆ-ում շատերը մտածում են՝ ինչո՞ւ իրենք պետք է հոգ տանեն այն ամենի մասին, որ տեղի է ունենում մեզանից շատ հեռու՝ աշխարհի ինչ-որ անկյուններում.

«Սակայն մենք տեսնում ենք, որ, երբ նման խնդիրները լուծում չեն ստանում, դրանք շարունակվում են, և մենք ենք, որ պետք է չխնայենք որևէ տեսակի ջանք՝ դադարեցնելու ամեն տեսակի մարդաոչնչացման ծրագիր: Շատ մարդիկ, ովքեր մասնակցել են այս ֆիլմում, չեն բացահայտում իրենց անունն ու ինքնությունը, որովհետև կա հետապնդման վախ՝ ֆիլմում մասնակցություն ունենալու համար: Ֆիլմի պատրաստման ողջ ընթացքում մենք ժամերով լսել ենք ամենատարբեր մարդկանց շուրթերից հնչող պատմություններ և բացահայտել մեզ համար իրականությունը՝ ամենատարբեր վեկտորներից: Եվ եթե որևէ մեկը հիմա ինձ հարցնի՝ պատրաստվո՞ւմ եմ ես արդյոք այցելել Թուրքիա մոտ ապագայում, կասեմ՝ ոչ, մտածո՞ւմ եմ ես արդյոք Ադրբեջան ճանապարհորդելու մասին, կրկին՝ ոչ»:

 «Ժխտման ճարտարապետները» յուրահատուկ և ազդեցիկ հայացք է

Հարավային Կովկասի հայ և թուրք ժողովուրդների միջև մեկդարյա հակամարտությանը, որը հանգեցրեց ժամանակակից շրջանի ամենաահավոր ցեղասպանություններից մեկին: Այն ուսումնասիրում է նաև, թե ինչպես է այդ ցեղասպանության ժխտումն աշխարհի տարբեր երկրներում քաջալերել ուրիշներին նույն հանցանքը գործելու, շարունակելով ցեղասպանությունների սարսափելի շարանը: Լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է հետխորհրդային շրջանում Հարավային Կովկասում տարածված քաոսի մասին՝ լայն տեսանկյունից:

1915 թ. ցեղասպանությունը և 80-ական և 90-ական թվականների էթնիկ զտումները վերապրածների լայնածավալ արխիվային հուշերի, Ջուլիան Ասսանժի, Սիբել Էդմոնդսի (FBI Whistleblower), Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան՝ հակասական Ջոն Էվանսի (ամերիկացի առաջին դիվանագետը, որը հրապարակայնորեն հայտարարել է, որ Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի դեմ), Genocide Watch-ի հիմնադիր, պրոֆեսոր Գրեգորի Ստենտոնի, հանրաճանաչ ցեղասպանագետ, պրոֆեսոր Թաներ Աքչամի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի, ինչպես նաև բազմաթիվ փորձագետների և ցեղասպանությունը վերապրածների բացառիկ և խորաթափանց հարցազրույցների մեկտեղման արդյունքում՝ «անմարդկայնության» յուրահատուկ և ազդեցիկ պատկերն է ծնվում: Ֆիլմը կենտրոնանում է ցեղասպանության ժխտման՝ քայքայիչ, սերունդներով փոխանցվող ազդեցության վրա:

1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի, ինչպես նաև շատ այլ ժողովուրդների կողմից երբեք միանշանակ ճանաչված չլինելով՝ չի ավարտվում:

«Ժխտման ճարտարապետները» կապ է հաստատում 1915-1923թթ. հանցագործությունների և Բաքվի 1980-90-ական թվականների էթնիկ զտումների դրվագների միջև: Մինչև այսօր Թուրքիայի կողմից կիրառված էմբարգոյի հետևանքները ճնշում են հայերին արևմուտքից, իսկ Ադրբեջանի հետ պատերազմի իրական վտանգը՝ արևելքից:

Ասուլիսին նախորդող ֆիլմի պրեմիերային, որ տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում, մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, ֆիլմի գործադիր արտադրողները, Հայաստանի քաղաքական, մշակութային, գիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Պրեմիերայից առաջ բացման խոսքով հանդես եկավ հանդիմանը ներկա ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով բարձր գնահատեց՝ ինչպես ֆիլմի ստեղծման, այնպես նաև՝ դրա տարածման կարևորությունը:

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գործադիր արտադրող Դին Քեյնն առավել հայտնի է՝ որպես «Լուիս և Քլարկ. Սուպերմենի նոր արկածները» 1993-97թթ. հեռուստասերիալի գլխավոր դերակատար: Դին Քեյնը հանդես է գալիս՝ նաև որպես սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր: Իր բազմաբովանդակ կարիերայի ընթացքում հանդես է եկել՝ նաև որպես հեռուստահաղորդավար: Վերջին աշխատանքներից մեկը գլխավոր դերն է «Կախարդանք» (The Incantation) սարսափ-ֆիլմում, որտեղ նրա զուգընկերը Սեմ Վալենտայնն է: 2016-ին նա հյուրընկալվել է Netflix- ի Lady Dynamite-ում: 2013-ին Քեյնը վարել է Ten Million Dollar Bigfoot Bounty ռեալիթի շոուն, իսկ 2011-ին վերադարձել Սուպերմենի դերով CW-ի Smallville: 2004-ին նա գլխավոր դերում հանդես է եկել իրական դեպքերի վրա հիմնված «Կատարյալ ամուսին. Լեյսի Պիտերսոնի պատմությունը» (The Perfect Husband: The Laci Peterson Story) հեռուստաֆիլմում:

Քեյնը հայտնվել է մի շարք սերիալներում. «Քրեական մտքեր» (Criminal Minds), «Անտուրաժ» (Entourage), CSI: Miami և «Օրենք և Կարգ» (Law and Order): Դին Քեյնը (Ռոջեր Թանակա) ծնվել է 1966 թ., մեծացել է Լոս Անջելեսում, ռեժիսոր Քրիստոֆեր Քեյնի ընտանիքում: Ավագ դպրոցում ամերիկյան ֆուտբոլի աստղ է եղել, խաղացել է իր Ալմա մատերի, Փրինսթոնի համալսարանի թիմում: 1988-ին բակալավրի աստիճան է ստացել՝ որպես պատմաբան:

Նա նաև Fox and Family հաղորդավարներից է և Today Show-ի աստղը:

Ֆիլմի արտադրող, Բալթիմորում ծնված Մոնթել Վիլյամսը 1974-ից մինչև 1989թթ. ծառայել է ԱՄՆ Զինված ուժերում, սկզբում՝ Ծովային հետևակում, այնուհետև՝ Ռազմածովային նավատորմում: Հասել է լեյտենանտ-հրամանատարի կոչման: 1991-ին նա ստեղծել է «Մոնթել Վիլյամս» շոուն Paramount հեռուստատեսության համար: 1996 թվականին «Էմմի» մրցանակի է արժանացել «Ցերեկային թոք-շոուի լավագույն վարող» անվանակարգում: Հանրահայտ շոուն շարունակվել է մինչև 2008 թվականը: 2009-2010թթ. նա Montel Across America ամենօրյա ռադիոշոուն է վարել:

Վիլյամսը նաև դրվագային դերերով հանդես է եկել մի քանի հեռուստասերիալներում (JAG, The Peacekeeper, Touched by an Angel, Guiding Light, All My Children):

Starline Films-ի 4CHOSEN: The Documentary վավերագրական ֆիլմում նա հանդես է եկել՝ որպես պրոդյուսեր և ձայնավորող: Ակտիվորեն համագործակցում է շահույթ չհետապնդող MS Foundation հիմնադրամի հետ, ինչպես նաև ներգրավված է ռազմական ծառայության հետ կապված ակտիվիստական շարժման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս