«Ես այդ կարծիքին չեմ». Ալիկ Սարգսյանը հակադարձում է Ռիչարդ Միլսին
ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը հահամիտ չէ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումների հետ, թե Հայաստանում իշխանությունը չարաշահվում է, ինչն էլ մնում է Հայաստանի ամենամեծ մարտահրավերը: Այսօր ԱԺ-ում 168.am-ի հարցին` չարաշահվո՞ւմ է իշխանությունը, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ»:
Ի պատասխան դիտարկմանը, որ ԱՄՆ ու ԵՄ դեսպաններն առաջին անգամ չեն խոսում կոռուպցիայից, ժողովրդավարության պակասից, Ա.Սարգսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքար այս պահին իրականացվում է, լծակներ են ստեղծվում, օրենսդրական, սահմանադրական փոփոխություններ արվեցին, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տարվի: Նա հորդորեց նայել բացահայտումները: Ա.Սարգսյանը չհամաձայնեց դիտարկմանը, որ մանր դեպքեր են բացահայտվում. «Չէի ասի, թե մանր են: Եթե խոշոր կոռուպցիա հայտնաբերվել է, ի՞նչ եք կարծում` ներողամի՞տ են եղել, ներե՞լ են»:
Հիշեցմանը, որ ՏԻՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե այլևս չի ներելու, նշանակում է, որ նախկինում ներել է, Ա.Սարգսյանը նշեց, որ հիմա այս պահին նրանցից էլ են ձերբակալումներ եղել. «Մարդիկ կալանավորվում են, տարբեր բացահայտումներ կան: Քննչական ծառայությունում, մյուս ծառայություններում բազմաթիվ նյութեր կան, ըստ իմ տեղեկությունների, որ քննություն է կատարվում, և շուտով նաև հանրությունը կիրազեկվի»:
Ա.Սարգսյանը նշեց, որ ազդարարի ինստիտուտն է ներդրվել, և հանրությունը ևս պետք է մասնակցի, իներտ վիճակում չմնա, և, եթե որևէ անձ որևէ պաշտոնյայի կողմից չարաշահման մասին տեղեկություններ ունի, մոտենաս, կասի` «ինչի՞, ես գործ տվո՞ղ եմ». «Եթե այս պայքարը թողնում ենք իրավապահ մարմիններին, ապա տեմպերից մի բողոքեք: Էս մարդիկ հնարավորություն չունեն՝ մի փայտիկով ամբողջությամբ դրանք բացահայտեն, ցույց տան ժողովրդին, որ կոռուպցիան վերացել է»:
Ըստ Ա.Սարգսյանի` քաղաքական կամք կա, բայց մեկ տարում չի կարող արդյունքներ երևալ: Թե ինչո՞ւ 5 տարի առաջ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունից հետո, թե պետք է խոշորին գլխից բռնել, մինչև հիմա խոշոր չի բռնվել՝ հարցին Ա.Սարգսյանը պատասխանեց. «Այդ հարցը պատկան մարմիններին պետք է տաք: Բայց երկրի ղեկավարը ներողամիտ չէ նման դեպքերի համար, իսկ որպես ոստիկանապետ՝ իմ պաշտոնավարման ժամանակ ինձ որևէ հարցով չի միջնորդել»: