
Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչը բանակցելու է մեկնել ԿԺԴՀ

Հարավային Կորեայի պատվիրակությունը, որը գլխավորում է հանրապետության նախագահի հատուկ պատվիրակը, մարտի 5-ին Սեուլից մեկնել է Փհենյան: Այդ մասին հայտնել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը:
«Տասը մարդուց բաղկացած պատվիրակությունը գլխավորել է Կորեայի Հանրապետության նախագահին առընթեր Ազգային անվտանգության վարչության պետ Չոն Ըհ Յոնը»,-ասել են գերատեսչությունում: Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Սո Հունը, միավորման փոխնախարար Չհոն Հե Սոնը եւ հարավկորեացի այլ պաշտոնյաներ:
Նրանք ԿԺԴՀ-ում կանցկացնեն երկու օր: Փհենյան այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի ԿԺԴՀ-ի ղեկավարության ներկայացուցիչների հետ, կքննարկի Կորեական թերակղզում խաղաղության ամրապնդման եւ միջկորեական հարաբերությունների զարգացման հարցերը:
Կորեայի Հանրապետության նախագահի վարչակազմում անկնկալում են, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցի նաեւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Եթե նման հանդիպում կայանա, հատուկ պատվիրակը նրան կփոխանցի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի նամակը:
Միավորման նախարարության տվյալներով՝ Չոն Ըհ Յոնը եւ Սո Հունը հայրենիք վերադառնալուց հետո պլանավորում են մեկնել ԱՄՆ՝ ամերիկյան կողմին ծանոթացնելու Փհենյան այցի արդյունքներին: Այդ հարցի շուրջ Հարավային Կորեան սերտ համագործակցություն է պահպանելու Չինաստանի եւ Ճապոնիայի հետ, նշել է գերատեսչությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: