Մանրամասներ Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակցի մահվան դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ։
2018թ-ի մարտի 3-ին` ժամը 04.10-ին, «Կապան ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել առ այն, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունից իրենց մոտ են տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչներ Պողոս Ալեքսանյանը՝ ծնված 1964թ, Կարո Կարապետյանը՝ ծնված 1970թ. և Արթուր Մարտիրոսյանը՝ ծնված 1994թ., ով հիվանդանոցում մահացել է:
Պարզվել է, որ նշված երեք անձինք աշխատում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությունում. Արթուր Մարտիրոսյանն աշխատում էր որպես ապարաբարձիչ մեքենայի վարորդ, Պողոս Ալեքսանյանը` բեռնատարի վարորդ, իսկ Կարո Կարապետյանը` լեռնային վարպետ:
Վերջիններս «Կապան ԲԿ» ՓԲ ընկերություն են տեղափոխվել կոմբինատի Շահումյանի անվան ստորգետնյա հանքի 630 հորիզոնի թիվ 20 արևմտյան երակային շտրեկից:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեռնահանքային աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտման հետևանքով Արթուր Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ. կատարվել է դեպքի վայրի զննություն, հագուստների առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել արյան նմուշներ, դեպքի վայրից՝ արգասիքի նմուշներ, հարցաքննվել վկաններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: