Բաժիններ՝

Եվրոպացի ուսանողները ծանոթացել են հայկական ստարտափ էկոհամակարգի հետ

«Global AМ»-ի գրասենյակը ընդունել էր եվրոպացի ուսանողներին  Պորտուգալիայից, Խորվաթիայից, Էստոնիայից, Մոլդովայից, Սլովենիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից։  Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով հետաքրքրվող ուսանողները մասնակցում էին «ՏՏ ձեռներեցության համար հմտությունների ձևավորում» խորագրով սեմինարին: Սեմինարի ընթացքում քննարկվում էին ժամանակակից տեխնոլոգիաները, ստարտափներ հիմնելու առանձնահատությունները և ներկայացվում էր հայկական փորձը: Ինչպես սեմինարի ընթացքում նշեց  Global AM հ/կ նախագահ Գևորգ Պողոսյանը՝ խոսքը  միայն ստարտափների մասին չէ, խոսքը  առհասարակ տեխնոլոգիաների մասին է:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ «Global AМ»-ը կապող օղակ է ստարտափների, հմուտ մասնագետների և ներդրողների միջև, որը ներգրավում է անհրաժեշտ բոլոր միջոցներն աջակցելու հայկական ստարտափներին՝ ստեղծումից մինչև միջազգային մրցակցային շուկայում հաստատվելը։

Գևորգ Պողոսյանը փակ միջոցառման ընթացքում հյուրերին ներկայացրեց հայկական ստարտափ էկոհամակարգը՝ հաջողված ստարտափների օրինակներով, որոնք նաև դուրս են եկել միջազգային ասպարեզ: Բացի այդ, մասնակիցները լսեցին ելույթներ ստարտափների զարգացման, համաժողովրդական ֆինանսավորման մասին, նաև քննարկեցին  հաջողության ճանապարհին հանդիպած խոչընդոտներն ու գաղտնիքները:

Եվրոպացի ուսանողների համար իրենց փորձով կիսվել են նաև  Agile աշխատանքի կառավարման փորձագետ, Joomag Armenia-ի Սքրամ մաստեր Աննա Զաքոյանը, The Crowdfunding Formula հարթակի հիմնադիր և «Քրաուդֆանդինգի 37 գաղտնիքները» գրքի հեղինակ Նարեկ Վարդանյանը։

Գևորգ պողոսյանի խոսքով՝ այս հանդիպումը լավ հնարավորություն է փորձի փոխանակման համար. «Եվրոպացի ուսանողները ծանոթանում են հայկական ստարտափ էկոհամակարգի հետ, իսկ հայկական կողմը ծանոթանում է նրանց աշխատանքի, նոր գաղափարների ու հնարավորությունների հետ»։

Որպես օրինակ՝ Գևորգ Պողոսյանը նշում է  ուկրաինացի ուսանողների փորձը, ովքեր  բլոկչեյնի կիրառման նոր ուղղություններ են գտել և  ցանկանում են համագործակցել հայկական կողմի հետ: «Մասնակիցներն իրենց երկրներում ակտիվ ու գործունյա են, այս այցով կգտնեն նոր գործընկերներ ու նոր կապեր Հայաստանում»:

Նշենք նաև, որ Միջազգային «ՏՏ ձեռներեցության համար հմտությունների ձևավորում» խորագրով սեմինարը կազմակերպել է «Creative Minds»  երիտասարդական հ/կ-ն՝ եվրոպական «Էրասմուս+» ծրագրի շրջանակում։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս