«Ներկայումս սա ամենաճիշտ որոշումն էր»

Հայաստանի Հանրապետությունը գարունը դիմավորեց առանց հայ-թուրքական արձանագրությունների: Մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չեղյալ հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում։

Մարտի 1-ին տեղի ունեցած ԱԱԽ նիստի օրակարգի շրջանակներում քննարկման էր դրվել այս փաստաթղթերի չեղարկման հարցը, որի վերաբերյալ զեկույց է ներկայացրել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2009թ. Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցմանը:

Ամփոփելով նիստը` Ս. Սարգսյանը շեշտել է, որ Թուրքիան խախտելով ընդունված միջազգային պրակտիկան և այն հանձնառությունները, որ պետություններն ունեն միջազգային հանրության առջև, ուղղակի կոպիտ ձևով չվավերացրեց այդ արձանագրությունները՝ առաջ քաշելով դրանց հետ կապ և որևէ աղերս չունեցող նախապայմաններ:

«Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք որևէ մեկի հետ հարաբերություններում նախապայմաններ չենք առաջադրում, և որևէ մեկի նախապայմաններ առաջադրելու պրակտիկան ուղղակի մեզ մոտ չի անցնելու»,-ընդգծել է Սարգսյանը՝ նշելով, որ այս հարցի կապակցությամբ Հայաստանի մոտեցումների մասին նամակով տեղեկացրել է նաև արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա բոլոր կողմերին, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի նախագահներին, Եվրոպական միության խորհրդի նախագահին, ինչպես նաև ԵԽ գլխավոր քարտուղարին՝ շնորհակալություն հայտնելով նրանց և բոլոր այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր աջակցություն են ցուցաբերել այս նախաձեռնությանը: ՀՀ նախագահը նաև ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ կլինի Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, եթե այս գիտակցումը լինի նաև թուրքական կողմի մոտ:

«Եթե վաղը-մյուս օրը կլինեն առաջարկություններ, մենք պատրաստ կլինենք այս առաջարկությունները քննարկել, իսկ մինչ այդ մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում՝ առանց Թուրքիայի հետ ունենալով դիվանագիտական հարաբերություններ»,- ասել է Ս. Սարգսյանը։

Ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, ՀՀ նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովին՝ «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ իր ելույթում ընդգծել էր արձանագրություններից հրաժարվելու մտադրության մասին՝ հավելելով, որ արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից, և, եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում, ըստ ՀՀ նախագահի, պետք է բանակցվի նոր փաստաթուղթ:

Հիշեցնենք, որ 2009թ. Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։

Սակայն Թուրքիան տևական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչև 2018 թվականի մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ և միջազգային հարթակներում իր վերջին բոլոր ելույթների ժամանակ շեշտել էր, որ Հայաստանը պատրաստվում է հանել իր ստորագրությունն այդ արձանագրություններից:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ տեղի ունեցածը սպասելի էր: Ըստ նրա՝ հայկական կողմը մեծ համբերությամբ սպասեց թուրքական կողմի որոշմանը, որն այս փուլում դրական ընթացք ունենալ չէր կարող: Սկակովի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին թուրք-ադրբեջանական տանդեմի պատճառով:

Ըստ նրա՝ արձանագրությունների հարցում Թուրքիայի անգործության պատճառը ոչ միայն հենց Էրդողանն էր, այլև Ադրբեջանը, որի համար հայ-թուրքական արձանագրությունների առկախված վիճակը ճնշման գործիք էր դարձել հայկական կողմի նկատմամբ՝ Արցախյան հակամարտությունում հայկական կողմի դիրքորոշումը մեղմելու նպատակով:

«Բաքուն այս հարցում Անկարայի հետ շանտաժի քաղաքականություն է վարել և օգտվել այն առավելություններից որոնք ինքն ունի թուրք-ադրբեջանական հարաբերություններում, իր որոշ ոլորտներում, ինչպիսին էներգետիկ շուկան է: Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի էներգետիկ կախվածությունը և սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ, խորացող հեռահաղորդակցությունը, և այլն:

Ներկայումս թուրք-ադրբեջանական հարաբերություններն այնքան ամուր կապեր ունեն, որ Ադրբեջանը կարող է շարունակել շանտաժի միջոցով խափանել հայ-թուրքական կարգավորման ցանկացած գործընթաց: Ուստի ներկայումս սա ամենաճիշտ որոշումն էր, այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «քաղաքական ռեսուրս» չկա»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:

Ռուս քաղաքական վերլուծաբանը, սակայն, գտնում է, որ Հայաստանն ու Թուրքիան, ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է նշում, հնարավորության դեպքում վերադառնալու են կարգավորման գործընթացին:

«Գտնում եմ, որ Ադրբեջանի ներկայիս դիրքորոշման բացակայության դեպքում գուցե արձանագրությունների վավերացման ընթացքն այլ լիներ: Ինչ-որ մի պահի այս արմատական դիրքորոշման փոփոխության, Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության դեպքում, որը պայմանավորված կլինի մերձավորարևելյան զարգացումներով, ապա՝ թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական հարաբերություններով, Թուրքիան ինքը կցանկանա վերադառնալ այս հարցին և գուցե, ինչպես Սարգսյանն է ակնարկում, պատրաստ լինի ինքը զիջումների գնալ»,- ասաց Սկակովը:

Մեզ հետ զրույցում շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների արտաքին բաղադրիչի մասին: Ըստ նրա՝ բացի կողմերի դրած նախապայմաններից և պայմաններից, հայ-թուրքական արձանագրությունների վերջնական վավերացմանն ու իրականացմանը խոչընդոտեց գերտերությունների դիրքորոշումը:

«2009 թվականին Ռուսաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան ինտենսիվ զբաղվում էին այս հարցով, միջազգային հարաբերություններում չկար ներկայիս լարումը, ամեն բան շատ հեռու էր ՌԴ-ԱՄՆ ներկայիս հարաբերություններից և պատժամիջոցներից: Այս ամենն իրար հետ կապված է: Այսօր եթե լիներ միջնորդների հետաքրքրվածություն, արձանագրությունները չէին հասնի չեղարկման փուլին:

Միջազգային հարաբերություններում առաջացած գերլարվածությունը թույլ չտվեց հաջողության հասնել այս հարցում»,- նկատեց նա` հավելելով, որ չի կանխատեսում, որ մոտ ապագայում հնարավոր միջնորդներին կհետաքրքրի այս հարցը:

«168 Ժամի» հետ զրույցում թուրք քաղաքական վերլուծաբան, պրոֆեսոր Ջենգիզ Աքթարն ասաց, որ ցավով լսեց այդ սպասված նորության մասին, քանի որ հայ-թուրքական արձանագրությունները վերացնելու էին Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների միջև առկա պատմական լարվածությունը, բացելու էին հայ-թուրքական սահմանը, որին այսօր էլ շատերն են սպասում:

Ըստ նրա, հայ և թուրք հասարակությունների շրջանում շատերն են հուսահատված ստեղծված իրավիճակից:

«Ափսոս, որ այսպես ստացվեց, բայց տեղի ունեցածին այլընտրանք ևս չկար, քանի որ այդ արձանագրությունները կարծես կենդանի թաղված էին շուրջ 10 տարի, պետք էր փակել այդ էջը, եթե կողմերից մեկը չի ցանկանում ընթանալ այդ ճանապարհով: Իսկապես հայկական կողմը չէր կարող հավերժ սպասել: Չէ՞ որ թուրքական կողմն այսօր այլ ճանապարհով է ընթանում, այլ պահանջներ է փորձում թելադրել հայկական կողմին, որոնք որևէ կապ չունեն հայ-թուրքական օրակարգի հետ»,- ասաց Աքթարը:

Թուրք վերլուծաբանն ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունները տապալեցին Էրդողանի ստեղծած միանձնյա համակարգը և Թուրքիայի կախվածությունն Ադրբեջանից:

«Ղարաբաղյան հարցում Ադրբեջանի այսօրվա դիրքորոշման պարագայում Ադրբեջանը թույլ չի տալիս Թուրքիային անդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին»,- ասաց Աքթարը:

Նա գտնում է, որ հայ-թուրքական հարաբերություններին պետք է անդրադառնալ միայն Սիրիայում պատերազմի ավարտից հետո: «Քանի դեռ այդ պատերազմը շարունակվում է, Թուրքիայի քաղաքականությունն այնտեղ անհասկանալի է Արևմուտքի համար, կարգավորման գործընթաց սկսել չեն ցանկանա ոչ մի կողմ` ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան, ոչ Արևմուտքը»,- ասաց Աքթարը:

Նրա կարծիքով` առաջիկա տարիներին հայ-թուրքական կառուցողական երկխոսություն անհնար է պատկերացնել:

Տեսանյութեր

Լրահոս