Բաժիններ՝

Նիդեռլանդները մտադիր է կրկնակի կրճատել սննդային թափոնների ծավալը

Նիդեռլանդները մտադիր է ձեռնամուխ լինել մինչեւ 2030 թվականը սննդային թափոնները կրկնակի կրճատելու ծրագրի կատարմանը՝ Եվրամիության եւ ՄԱԿ-ի հանձնարարականներին համապատասխան: Այդ մասին հայտնել է RTL հեռուստաալիքը:

Ծրագիրը, որը Նիդեռլանդների գյուղատնտեսության, շրջակա միջավայրի եւ սննդամթերքի որակի նախարարությունը համատեղ մշակել է մասնավոր հատվածի եւ շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունների հետ, պաշտոնապես գործարկվելու է մարտի 20-ին:

Ինչպես պատմել է արտադրության կայուն համակարգերի եւ պարենային արտադրանքի իրացման հարցերի փորձագետ Տոյնե Տիմերմանսը, որը գլխավորում է ծրագիրը մշակած խորհրդատուների խումբը, ներկա փուլում նախագծին համաձայնել է միանալ 25 ընկերություն: Դա շատ չէ, նշել է նա, սակայն նրանց թվում են միջազգային այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Unilever-ը, Ahold Delhaize-ը եւ McDonalds-ը: «Մենք պլանավորում ենք, որ մինչեւ տարեվերջ նախագծին կմիանա հարյուր ընկերություն, այնուհետեւ մենք նպատակ կդնենք մասնակիցների թիվը հասցնել 200-ի եւ այդպես շարունակ»,-ընդգծել է Տիմերմանսը:

Ծրագրի համաձայն, մասնավոր սեկտորի ներկայացուցիչները պարտավոր կլինեն տարեկան հաշվետվություններ ներկայացնել այն մասին, թե իրենք ինչպես են ազատվում մթերքների ավելցուկներից եւ ինչ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի նվազագույն հասցնեն սննդային թափոնների քանակությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ առանձնակի ուշադրություն է դարձվելու սպառողների իրազեկվածության բարձրացմանը, որոնց վրա է բոլոր սննդային թափոնների գրեթե կեսի պատասխանատվությունը: Վերջերս կատարված հետազոտությունների համաձայն, յուրաքանչյուր տնային տնտեսություն տարեկան միջին հաշվով դեն է նետում 41 կիլոգրամ մթերք եւ 57 լիտր հեղուկ, այդ թվում՝ կաթ եւ հյութեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս