Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնության կարծիքով՝ Կոնգրեսը կախված է լոբբիստներից ու հարուստներից. հարցում

Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները չափազանց շատ ժամանակ են հատկացնում ոչ թե ժողովրդի խնդիրներին, այլ լոբբիստներին եւ առավել մեծ կարողություն ունեցող քաղաքացիներին:

Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ փետրվարի 26-ին հրապարակված արդյունքները, որն Associated Press գործակալությունը համատեղ անցկացրել է Չիկագոյի համալսարանին առընթեր սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի, Սթանֆորդի համալսարանի եւ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարանի հետ։

Ինչպես հետեւում է նշված նյութերից, հարցման մասնակիցների 85 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատանքին: Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների շրջանում այդ կարծիքը պաշտպանում է 89 տոկոսը, հանրապետականների շրջանում՝ 82 տոկոսը: Հետազոտության մասնակիցներին նաեւ հարցրել են, թե, իրենց կարծիքով, ում շահերն են ամենից շատ հաշվի առնում ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները:

60 տոկոսը նշել Է, որ օրենսդիրներն առանձնակի ուշադրություն են հատկացնում այն անձանց, որոնք վճարել են վերջին ընտրարշավի անցկացման համար, ինչպես կարծում Է 58 տոկոսը՝ երկրի ամենաունեւոր քաղաքացիներին, 66 տոկոսի խոսքով՝ լոբբիստական կազմակերպություններին: Հարցին կարելի էր մեկից ավելի պատասխան տալ: Ընդ որում՝ հարցվածների միայն 18 տոկոսն է ասել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին, առաջին հերթին, մտահոգում է ամերիկացիների մեծամասնության կարծիքը:

Մասնակիցների միայն 20 տոկոսն է կարծում, որ օրենսդիրների համար գերակա են Միացյալ Նահանգների կենսական շահերը: Հարցմանը, որն անցկացվել է ընթացիկ տարվա փետրվարի 15-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակաշրջանում, մասնակցել է ԱՄՆ-ի չափահաս տարիքի 1137 բնակիչ: Հաշվի են առնվել նաեւ այն տվյալները, որոնք ստացվել են 2015 եւ 2017 թվականներին կատարված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս