«Այդ կարգը չի գործում. հենց այսօր մարդիկ գնացել և առանց դեղատոմսի գնել են դեղ, որը պետք է դեղատոմսով լիներ»․ Բաբկեն Պիպոյան
Մարտի 1-ից ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարության նոր որոշումը, ըստ որի՝ մի շարք ազատ վաճառվող դեղեր այլևս հնարավոր կլինի ձեռք բերել բացառությամբ բժշկի դեղատոմսով։
Մասնագետներն ասում են, որ կարգավորված չէ, թե դեղատոմսի կորստի դեպքում բժշկի և հիվանդի գործողությունները որոնք պետք է լինեն, դեղատոմսերի քանակը սահմանափակ չէ, և հիվանդը կարող է նույն դեղորայքով 5 դեղատոմս վերցնել ու դրանք բաժանել ընկերներին։ Կարգավորված չէ նաև այն, թե բժիշկն ինքն իրեն քանի՞ դեղատոմս կարող է դուրս գրել։
Իսկ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը վստահեցնում է՝ նոր կարգով նախատեսվում է մոտ 15-30 տոկոս տնտեսում այն դեղերի համար, որոնք ձեռք են բերվում՝ առանց համապատասխան պահանջի, և, ինչպես նախարարն է ասում՝ դրանց ժամկետն անցնում է տնային ապտեչկաներում։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս օրինագիծը բազմաթիվ բացթողումներ ունի. «Երկրորդ կարծիք լինել չի կարող, և միանշանակ է, որ դեղերի հանդեպ հսկողություն պետք է լինի, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ինքնաբուժությունը հնարավորինս նվազեցվի, բայց այն, ինչ անում է այսօր Առողջապահության նախարարությունը, ուղղակի անթույլատրելի է։ Նրանք գերխնդիր ունեին այնպես անելու, որպեսզի խուճապ չստեղծվի, և փուլային տարբերակով կարողանային համակարգ ներդնել, մինչդեռ նրանք ոչ միայն չկարողացան այնպես անել, որ խուճապ չլինի, այլ հենց իրենք ստեղծեցին այդ խուճապը»։
Առողջապահության նախարարության կազմում գործող տեսչական մարմինը, ըստ Պիպոյանի՝ տարիներ շարունակ ոչնչով չի զբաղվել. «Եվ մինչև վերահսկելը՝ արդյոք դեղատոմսո՞վ է վաճառվում, թե՞ ոչ, առաջին հերթին պետք է հսկել՝ արդյոք այս դեղը, որն իրացվում է, վաճառքի ենթակա՞ է, թե՞ ոչ։ Գրանցված դեղերի, կեղծված դեղերի, ժամկետանց դեղերի խնդիրներին ևս նախարարությունը չի անդրադառնում՝ որպես հիմնական անվտանգության գործառույթ, այլ գալիս՝ նորից խոսում է դեղատոմսից, ինչը կրկին խորացնում է անվստահությունը և անհասկանալի է դարձնում, թե մի կառույց, որը չի կարողանում անվտանգություն ապահովել, ինչպես է փաստաթղթերի նկատմամբ հսկողություն իրականացնելու»։
Պիպոյանը նկատեց՝ իրավական դաշտում ևս առկա են բազմաթիվ թերություններ, որոնք, ըստ նրա՝ պետք է վերանայել. «Բոլորը խնդիրների լուծումը նախարարությունը տեսնում է ապառնի ժամանակով, բոլոր խնդիրների համար ասում են՝ կլուծվի։ Այդպես չեն անում, լուծում վերջացնում են, նոր դաշտ են մտցնում, ոչ թե թերի փաստաթուղթ են շրջանառում, հետո ասում՝ կարվի։ Իսկ ի՞նչն էր խանգարում անել, ի՞նչն էր խանգարում երկու տարի առաջվա օրենքի նախագիծը երկու տարի բարձի տակ չպահել։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք մի բան․ սա օրենքի նախագիծ է, որը դեռևս ընդունվել է նախկին նախարարի օրոք։
Այսինքն՝ սա այն փաստաթուղթն էր, որին ի սկզբանե գրեթե բոլորը ծափահարում էին՝ հասկանալով, որ, եթե շարունակությունն էլ ճիշտ արվի, այն կարող է լավ բան դառնալ։ Բայց երկու տարի այս փաստաթղթի ուղղությամբ ոչինչ չարվեց, ինչ էլ արվեց, արվեց շատ վատ, և, բնականաբար, այսօր ընդունվում է սրերով։ Ու այս սրերով ընդունելը գալիս է նախարարության անփույթ մոտցումից»։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահի խոսքով՝ այս նախագիծը բազմաթիվ խնդիրների կարող է հանգեցնել. «Էլ չեմ ասում՝ կոռուպցիոն դրսևորումները, որովհետև մարդը կարող է նույն դեղատոմսը 5 անգամ գրել՝ ասելով, որ կորցրել է, և, ըստ էության, ոչինչ չի կարգավորվում։ Մեկը 6 ամսվա համար գրում է, գնում-ասում է՝ կորցրել եմ, բժիշկը մի հատ էլ է գրում 6 ամսվա համար, այդ մյուսը տալիս է արդեն ուրիշին, իսկ այդ ուրիշը գնում՝ ինչ ուզում՝ անում է։ Այդ երկրորդ անգամ գրելն ինչպե՞ս ենք անում, որ էլի անվճար գրվի։ Այսինքն՝ հազարավոր խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, քննարկել։ Այդ մարդիկ չեն հասկացել, որ բավական չէ՝ իրենք չեն կարողանում անել, մի հատ էլ առանց հանրային լսումների՝ մտնում են մի դաշտ, որ, ծանրամարտի լեզվով ասած՝ այդ քաշն իրենք չեն կարող բարձրացնել»։
Հետևաբար, Պիպոյանի խոսքով՝ փաստաթուղթը թերի, սիրողական է. «Չունենք ոչինչ, բացի մի օրենքից, որն արդեն ԱԺ-ն ընդունել է, մնացած ենթաօրենսդրական ակտերի մասով այնտեղ, որտեղ նախարարությունը պետք է կառավարության հետ աշխատեր, ծուլացել են, ոչինչ չեն արել, և բացասական բոլոր հետևանքներն ունենք ու կունենանք»։
Մեր հարցին՝ եթե չկա համապատասխան իրավական ակտ, ինչպե՞ս կարող է այս կարգն ուժի մեջ մտնել, նա այսպես պատասխանեց. «Իհարկե, չի կարող, ավելին, ես ասում էի, որ սա չի գործելու, խնդրում էի քաղաքացիներին խուճապի չմատնվել, որովհետև շատերը մեծ քանակությամբ դեղեր էին գնում։ Հենց այսօր մարդիկ գնացել և առանց դեղատոմսի գնել են դեղ, որը պետք է դեղատոմսով լիներ։ Այս կարգը չի գործում, և այդ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց գործը միայն խոսելը չէ, գործ անելն է, բայց իրենք միայն խոսում են»։
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ արվեց այս ամենը, եթե ոչինչ հստակ չէ, ավելին՝ մի շարք խնդիրներ են առաջանում, Պիպոյանը պատասխանեց. «Երբեք պետք չէ մեծ մտքեր փնտրել այնտեղ, որտեղ պրոցեսը կարող ես բացատրել տարրական չիմացությամբ կամ հիմարությամբ»։