«Այս օրենքով կարող եմ ինքս ինձ 50 հատ դեղատոմս գրել և վաճառել իմ հիվանդներին՝ առանց նրանց գրանցելու, հետազոտելու». բժիշկ-ուռոլոգ
Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դեղատներից դեղերի դեղատոմսով բաց թողնելու կարգը տարբեր խնդիրներ է առաջացնելու թե՛ բժիշկների, թե՛ հիվանդների, և թե՛ բժշկական համակարգի համար.
«Դա շատ մեծ ծանրաբեռնվածություն է լինելու մեր պոլիկլինիկական սեկտորի վրա, և հիվանդները գնալու են բժշկի ոչ թե՝ իրենց ցանկությամբ կամ խորհուրդներ ստանալու համար, այլ դեղ պահանջելու համար։ Դա արդեն իսկ խնդիր է։ Ի սկզբանե նման օրենքի անհրաժեշտություն շատ վաղուց կար, բայց նման օրենքի, ոչ թե այս օրենքի։ Ունենք խնդիր՝ կապված հիվանդների դժգոհությունների, ծանրաբեռնված Շտապօգնության կայանների հետ, որոնք օրական 750 և ավելի կանչ են ստանում, և յուրաքանչյուր ցավազրկողի կամ այլ գանգատների դեպքում, եթե սկսվի համատարած շտապօգնությունների կանչը, կտուժեն իրական կարիքավորները»։
Այս կարգը, ըստ բժշկի՝ կարող է բերել կոռուպցիոն շատ մեծ ռիսկերի. «Եթե այս օրենքով ամրագրում ենք, որ բժիշկը պետք է ազդող նյութով դեղատոմսը գրի, ապա պետք է վաճառքում առկա դեղամիջոցները միևնույն ստանդարտի լինեն։ Սակայն, կան ընկերություններ, որոնցից դեղորայք է ներկրվում, և որոնք չունեն պատշաճ արտադրանքային գործունեության սերտիֆիկատ։ Այսինքն՝ դրանք արդեն իսկ ստանդարտից դուրս են։ Ո՞վ է երաշխավորում, որ դեղատան դեղագետը համաձայնության չի գա նույն դեղագործական ընկերությունների հետ և չի ուղղորդի հիվանդին։ Այսինքն՝ բժշկի պարագայում բժիշկը պատասխանատվություն է կրում թե՛ դեղորայքից առաջացած անցանկալի երևույթների, թե՛ բարդությունների համար, իսկ դեղագետը պատասխանատվություն արդյո՞ք կրելու է։ Որովհետև, եթե դեղից մարդը վատացավ, միևնույն է, բժիշկն է պատասխանատվություն կրելու։ Մեզ մոտ դա էլ կարգավորված չէ»։
Գրիգորյանի խոսքով՝ կարգավորված չէ, թե դեղատոմսի կորստի դեպքում բժշկի և հիվանդի գործողությունները որոնք պետք է լինեն. «Այս օրենքի համար պատասխանատու պետական կառույցը նշում է, որ դեղատոմսերի քանակը սահմանափակ չէ, ապա ի՞նչն է խանգարում հիվանդին, որ նույն դեղորայքով 5 դեղատոմս վերցնի և սկսի բաժանել իր ընկերներին, հարևաններին, և այլն։ Դրանով մենք չենք պայքարում կոռուպցիայի դեմ, բժշկին չենք ստիպում, որ կոռումպացված չլինի, դրանով ուղղակի ստեղծում ենք կոռուպցիայի այլ ուղիներ։ Մեզ մոտ կարգավորված չէ նաև այն, որ ես՝ լինելով բժիշկ, ինքս ինձ քանի՞ դեղատոմս կարող եմ գրել։ Ես կարող եմ ինքս ինձ 50 հատ դեղատոմս գրել և վաճառել իմ հիվանդներին՝ առանց հիվանդին գրանցելու, հետազոտելու, և այլն»։
Ըստ նրա՝ կարգավորված չէ նաև անասնաբույժի կողմից դեղատոմս գրելու ձևը. «Շատ դեպքերում կենդանու համար կիրառվում է մարդու համար նախատեսված դեղորայքը, և չկա նման դեղատոմսի ձև՝ ընդունված որոշումով։ Այսինքն՝ շուտով մեր ընտանի կենդանիներ պահող քաղաքացիները շատ մեծ խնդիրների առաջ են կանգնելու, որովհետև անասնաբույժը չի կարողանալու իրենց դեղատոմս նշանակել»։
Ամփոփելով՝ բժիշկն ասաց, որ շատ բացեր կան այս օրենքում, որոնք առաջացնելու են շատ լուրջ խնդիրներ. «Եթե այս բացերը հաշվի առնելով՝ օրենքը կիրառության մեջ դնենք և սկսենք մոտավոր կիրառել այն, ապա կունենանք հերթական ձախողված նախագիծը, որը կբերի ոչ թե՝ ոլորտի կանոնակարգման, այլ խեղաթյուրման, կբերի նրան, որ ցանկացած բժիշկ երեք նախարարի հրամանով տարբեր դեղերի ցանկից կօգտվի, կբերի նրան, որ բժիշկն ինքն իրեն 5 հատ դեղատոմս դուրս կգրի և կվաճառի, կբերի նրան, որ հիվանդը դեղատոմսերը կսկսի կորցնել և մի քանի հատով բժշկից դեղատոմս ուզել»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում