«Լավատեսական սցենարի դեպքում 50 և ավելի տոկոս աճ ենք նախատեսում»
Հայաստանում վերջին տասը տարում առաջին անգամ ոսկերչական և ադամանդագործական արտադրանքի թողարկման եռանիշ ցուցանիշ է արձանագրվել` 102 միլիոն դոլարի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը` նշելով, որ դրանից 85 միլիոն դոլարը բաժին է հասել ադամանդագործությանը:
«Սա ոգևորող թիվ է ու լավ ցուցանիշ, որովհետև 2009 թվականին ունեցել ենք ընդամենը 9 միլիոն դոլարի արտադրանք: Այսինքն` երկարատև ռեցեսիայից հետո ունենք աշխուժացման փուլ, բնականաբար, սպասելի է նաև վերելք»,- ասաց Գագիկ Մկրտչյանը:
Նրա խոսքով` ընթացիկ տարում առնվազն 30 տոկոս աճ է նախատեսվում ոլորտում: «Սա մեր ոչ այնքան լավատեսական սցենարով է: Լավատեսական սցենարի դեպքում 50 և ավելի տոկոս աճ ենք նախատեսում: Համաշխարհային փորձագետների գնահատականով` միչև 2025 թվականը առնվազն 2-4 տոկոս աճ է նախատեսվում ոսկերչության և ադամանդի արտադրության ոլորտում: Սա բավարար է մեր առջև դրված խնդիրները կատարելու համար»,-հավելեց պաշտոնյան:
Նախարարի խորհրդականի դիտարկմամբ` կառավարությունը խնդիր է դրել հասնել նրան, որ ոլորտում արտադրության ցուցանիշները 2021 թվականին գերազանցեն 2003 թվականի գագաթնակետը, որը կազմել է 350-370 միլիոն դոլար: «Միջոցառումների շարք է մշակվել, մեխանիզմների հստակեցում է տեղի ունեցել: Հիմա որոշակի փոփոխություններ են նախատեսվում գործիքակազմում, ինչի արդյունքում հուսով ենք շատ լավ առաջընթաց ունենալ»,-ասաց Գագիկ Մկրտչյանը: