Ուշուն և քունգֆուն գալիս են Երևան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա սեպտեմբերի 10-17-ն ընկած ժամակահատվածում Երևանում կայանալիք ուշուի և քունգֆուի 3-րդ Եվրոպայի գավաթի անցկացման ապահովման նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը այս տարվա առաջին կիսամյակում պետք է հատկացվի 14 միլիոն 707 հազար դրամ՝ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով:

Համաձայն 2018 թ. հունվարի 24–ի Հայաստանի ուշուի ֆեդերացիայի և Եվրոպայի ուշու–քունգֆուի ֆեդերացիայի միջև կնքված պայմանագրի` ուշուի և քունգֆուի 3–րդ եվրոպական գավաթը անցկացվելու է սեպտեմբերի 10–17–ը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում: Համաձայն Հայաստանի ուշուի ֆեդերացիայի կողմից ներկայացված հաշվարկների՝ Եվրոպական գավաթի անցկացման ծախսերը կազմում են 135 միլիոն 749 հազար դրամ, որից պետական աջակցությունից ակնկալվող գումարը կազմում է 14 միլիոն 707 հազար դրամ: Այս մասին որոշման նախագիծը հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում:

Ուշու մարզաձևը ներառված է Միջազգային օլիմպիական կոմիտեի օրակարգում՝ օլիմպիական մարզաձև ճանաչվելու համար։ Նախագծի համաձայն՝ Հայաստանում Եվրոպական գավաթի անցկացումը նպատակ ունի մասսայականացնելու ուշուն Հայաստանում և տարածաշրջանում և բարձրացնելու Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Եվրոպայում՝ որպես բարձրակարգ առաջնություններ բարձր մակարդակով անցկացնելու կարողունակ պետություն:

Այս նախագիծը նաև մեկ այլ կետ է պարունակում: 2017 թ. դեկտեմբերի 18-ին Խուլերի սպորտի միջազգային կոմիտեն դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ 2018 թ. պետական բյուջեով Երևանում նախատեսված պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացումը 2019 թ. մայիս–հունիս ամիսներ տեղափոխելու խնդրանքով: Նախագծի համաձայն դրանք պետք է տեղի ունենային այս տարի և դրանց անցկացման համար նույնպես պետք է 14 միլիոն դրամ:

Մասնավորապես՝ «2018 թվականին Երևանում կայանալիք պատանիների և երիտասարդների 1-ին ամառային սուրդլիմպիկ խաղերի անցկացման ապահովում» ծրագրի գինը կազմում է 14 միլիոն 707 հազար դրամ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս