Լրանում է Մարտի 1-ի 10 տարին. «Ելքն» առաջարկում է ընդունել ԱԺ հայտարարություն

«Լրանում է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների 10 տարին, և «Ելք» խմբակցությունը ՀՀ Ազգային ժողովին առաջարկում է ընդունել հայտարարություն»,- այսօր ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հայտարարության տեքստը։

Դրանում, մասնավորապես, ասվում է. «Մտահոգված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքները կեղծելու, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի ոտնահարումների մասին ահազանգերը պատշաճ քննության չեն արժանանում,

Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի արդյունավետ և անվտանգ իրացման հնարավորությունը և հանրային համերաշխության վերականգնումը,

Վրդովված լինելով, որ մինչև օրս 2008 թվականին Մարտի 1, 2-ին Երևան քաղաքի կենտրոնում Հայաստանի Հանրապետության առնվազն տասը քաղաքացիների սպանությունների մեղավորները հայտնաբերված չեն, և զոհերի հարազատներին չի վճարվել արդարացի փոխհատուցում,

Անընդունելի համարելով քաղաքական գործունեության համար ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների դեմ քրեական հետապնդում իրականացնելու պրակտիկան, որ մինչև օրս կիրառվում է Հայաստանի Հանրապետությունում,

Հայտարարում է, որ`

  1. Խստորեն դատապարտում է 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ` 2008 թվականի Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը:
  2. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1, 2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, ինչպես նաև խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին։
  3. Անընդունելի է համարում 2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբի լուծարումը, քանի որ խմբի հետագա գործունեությունը կարող էր լրջագույն բացահայտումներ անել քաղաքական գործընթացում բանակի մասնակցության, ինչպես նաև ընտրությունների արդյունքները վերահսկելու և կեղծելու համակարգված մեխանիզմների գոյության մասին։
  4. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը կոչ է անում Մարտի 1, 2-ի գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։
  5. Պարտավորվում է առաջիկայում մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի Մարտի 1, 2-ի իրադարձությունների զոհերի հարազատներին, հանիրավի դատապարտվածներին, ինչպես նաև ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած քաղաքացիներին»։

Ն.Փաշինյանն անուն առ անուն նշեց Մարտի 1-ի 10 զոհերի անունները՝ Գոռ Քլոյան, Տիգրան Խաչատրյան, Դավիթ Պետրոսյան, Սամվել Հարությունյան, Գրիգոր Գևորգյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Տիգրան Աբգարյան, Համլետ Թադևոսյան, Զաքար Հովհաննիսյան։ Նրա խոսքով՝ մինչև հիմա սպանությունների հանգամանքները բացահայտված չեն, հարազատներին փոխհատուցում մինչև հիմա չի տրվել, մինչդեռ 2003-ին ՀՀ-ն ստորագրել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տրամադրելու մասին» եվրոպական կոնվենցիան, որն արդեն 16 տարի սպասում է ԱԺ վավերացմանը։ Ն.Փաշինյանը նշեց, որ իրավապահներն անընդհատ խոստանում են բացահայտել սպանությունները, սակայն արդյունք չկա։

«Երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում ՀՀ-ում եղել են քաղբանտարկյալներ և ՀՀ-ում այսօր էլ կան քաղբանտարկյալներ, և 2008 թ. այս առումով առանձնանում է նրանով, որ քաղբանտարկյալների թիվն ու ծավալը աննախադեպ մեծ էին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ ընդգծելով, որ սա խայտառակություն է ՀՀ-ի համար։

Պատգամավորը նշեց, որ պատմության մեջ բոլոր քաղաքական բռնությունները կապված են կեղծված ընտրությունների հետ, և, եթե տևական ժամանակ խնդիրները չեն լուծվում, մարդիկ իրենք են փորձում լուծում գտնել։ Նա անդրադարձավ նաև Մարտի 1-ին ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառմանը և նշեց, որ ՀՀ իշխանությունը դա ընդունել է, որովհետև դրանից հետո ոստիկանության ղեկավարությունն ամբողջովին շատ արագ փոխվել է։

Փաստահավաք խմբի լուծարման վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ խմբի կողմից հրապարակված առաջին աշխատանքային զեկույցը պայթած ռումբի էֆեկտ ունեցավ, և հասկանալի էր, որ փաստահավաք խմբի տրամադրության տակ կային այնպիսի տեղեկություններ, որոնք շղթայաբար բացահայտելու էին ամբողջ շղթան, այդ թվում՝ ընտրությունների կեղծման, բանակի ներգրավման հարցերը։

«Սա ոչ միայն իրավական, այլև քաղաքական խնդիր է»,- նշեց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ արդյունքում ՀՀ-ն զերծ կպահվի հետագա կատակլիզմներից։

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ 2014 թ. ընդունվեց օրենք, որով փոխհատուցում էր տրամադրվում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման համար, և զոհերի հարազատներն իրավունք ունեին և ունեն դիմելու փոխհատուցման համար, հետևաբար՝ 5-րդ կետն իմաստ չունի։

«Մարտի 1-ի զոհերը ներկայացվում են՝ որպես զանգվածային անկարգության մասնակիցներ, աջակիցներ, ոմանք ներկայացվում են՝ որպես հարբած վիճակում դեպքի վայրում գտնված քաղաքացիներ։ Այս առումով դատական համակարգը հստակ դիրքորոշում չի հայտնում, չի ասում՝ այս մարդկանց լա՞վ են արել, որ սպանել են, թե՞ վատ»,- հակադարձեց Ն.Փաշինյանը՝ շեշտելով, որ նշված իրավունքի իրացման կոնտեքստ գոյություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս