Արցախի ԱԳՆ-ն ակնկալում է Անջեյ Կասպշիկի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնում
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ընթացիկ տարում ակնկալում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնում:
Այս մասին պաշտոնյան ասել է 2017-ի աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ`պատասխանելով 2018-ին բանակցային գործընթացից գերատեսչության ակնկալիքների վերաբերյալ հարցին: «2016 թ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը։ Այդ կապակցությամբ 2018 թ. մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը»,-ասել է նա:
Մասիս Մայիլյանի համոզմամբ`շփման գծում կայունությունը և անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։ Մասնավորապես, դրանց շնորհիվ, ըստ պաշտոնյայի, կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, և այդպիսով կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջև լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։ «Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ»,-նշել է Արցախի ԱԳ նախարարը` իրողությունների նմանատիպ դինամիկան անվանելով չափազանց լավատեսական:
«Միևնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում»,-եզրափակել է Մասիս Մայիլյանը: