«Հայաստանը պետք է առաջնորդվի Armenia first սկզբունքով». Թևան Պողոսյան

Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ

– Պարոն Պողոսյան, ԱՄՆ ծանուցել է ՀՀ կառավարությանը՝ ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է նշանակում այս ծանուցումը։

– Դե, ԱՄՆ-ը որոշել է, որ այդ տեսակի ճնշում պետք է գործադրի, մենք պետք է հասկանանք, թե այդ գործադրումից մեր շահերը որտեղ են։ Իսկ ԱՄՆ պատրա՞ստ է լինելու բալանսավորել, գալո՞ւ է հասնի։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ը վարում է հատուկ քաղաքականություն՝ իր շահերն առաջ տանելով, իր նախագահն ասում է՝ «America first», և հենց իրենց նախագահի կոչի համաձայն բացատրությունը հետևյալն է՝ ցանկացած երկիր պետք է ի սկզբանե իր երկիրը դնի առաջնային տեղում։ Եվ հայերի համար Հայաստանը պետք է լինի «Armenia first»։ Մենք պետք է նայենք մեր մարտահրավերները, մեր շահերը։

ԱՄՆ-ը, բացի նախազգուշացնելուց, ի՞նչ է առաջարկում։ Մենք գիտենք, որ մեր թշնամիներից մեկը Թուրքիան է, որ շրջափակել է մեզ և տարածաշրջանում շատ անկանխատեսելի քաղաքականություն է վարում: Եթե Թուրքիան ինչ-որ մի գործողություն ձեռնարկի, ԱՄՆ-ը ի՞նչ է անելու։

Երրորդ՝ Ադրբեջանն ընդամենը մի քանի օր առաջ խոստացավ գալ, Երևան հասնել, որ Երևանն իրենց քաղաքն է։ Մենք ԱՄՆ-ից որևէ բան լսե՞լ ենք։ Նշանակում է, որ ԱՄՆ-ը բաց տեքստով ասում է, որ իր երկրի շահերն այդպես են պահանջում։ Հայկական կողմը պետք է գնա, բացատրի, բանակցություններ վարի և հասկանա՝ ի՞նչ է դա տալու, եթե՝ ոչ, ուրեմն ընտրում ես քո քաղաքականությունը և տանում այն շահերը, որ մեր երկրում գոյություն ունեն։ Կրկնեմ` Հայաստանը պետք է առաջնորդվի միայն Armenia first սկզբունքով։ Եթե նախազգուշացում են, որ մեր հանդեպ ևս սանկցիաներ են կիրառելու, ի՞նչ են անելու։

Այդ նախազգուշացումը հասկանալի է, բայց արդյոք այն միայն Հայաստանի՞ն էր վերաբերում, թե՞ Ռուսաստանին։ Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, և վստահ եմ, որ ԱՄՆ դիվանագետը շատ լավ պատկերացնում է, թե այստեղ ինչ վիճակ է։ Եթե իրենք դա անելու են սանկցիաներով, թող ասեն՝ ով հանկարծ Ադրբեջանին վաճառի զենք, որովհետև Ադրբեջանն է, որ զենքի մրցավազքով է զբաղված, ոչ թե Հայաստանը, և կբալանասավորեն, որ այդ բալանսի հաշվին է այս խարխուլ զինադադարը պահպանվում, ապա միգուցե և իմաստ կա մտածելու, որ, եթե այս ամեն ինչը լուծված է, ինչո՞ւ պետք է անընդհատ զենք գնենք։ Բայց եթե դա չկա, դու պետք է քո շահերով առաջնորդվես։ Հուսամ` սա կնպաստի նաև այն գիտակցմանը, որ պետք է նոր մոտեցումներ ձևավորել։

Մի օր կարող է սանկցիաներն է՛լ ավելի սաստկանան, այն ժամանակ ո՞նց ենք բալանսավորելու վիճակը՝ Ռուսաստանի՞ց գնելով, թե՞ սեփականն արտադրելով։ Գուցե պետք է զարկ տանք մե՞ր ռազմաարդյունաբերությանն ու գիտությանը, գիտակցենք, որ տարբեր երկրների տարբեր շահերից, տարբեր խնդիրներից ելնելով չպետք է առաջնորդվենք: Եվ պետք չէ մտածել, թե վաղն ինչ կլինի, պետք է բանակցել, նույն ԱՄՆ համանախագահին ասել, թե՝ դու ի՞նչ ես արել, որ այսպիսի հայտարարություն է եղել: Կամ լուծումներ եք առաջարկում, կամ մենք պետք է մեր ճանապարով գնանք, պետք է նայենք, թե ոնց ենք բալանսավորում իրավիճակը, զարկ տանք մեր սեփական ռազմաարդյունաբերությանն ու գիտությանը և ապագայում կարիք չունենանք որևէ այլ երկրից զինատեսակներ գնել:

Ես հասկանում եմ, որ մի քիչ ոչ թե ֆանտաստիկայի ժանրից է, մենք ծանր արդյունաբերություն չունենք, շատ բաներ հնարավոր չէ այստեղ արտադրել, բայց կարելի է համատեղ գաղափարներ իրականացնել: Եթե ԱՄՆ-ը անմիջապես արձագանքեր Ալիևի հայտարարությանը, կհասկանայինք, որ լուրջ են որոշել աջակցել այս տարածաշրջանում անվտանգությանը: Իսկ եթե՝ ոչ, գուցե իրենց սահմաններին ահաբեկչական մարտահրավերներ կան, իսկ մեր սահմաններին ոչ միայն ահաբեկչական մարտահրավերներ կան, այլև հենց կոնվենցիոնալ անվտանգության մարտահրավեր, որով Ադրբեջանն ամեն օր կրակում է: Այնպես որ, բանակցությունների խնդիր է, և ըստ այդմ՝ ճիշտ ճանապարհ ընտրելու, թե ապագայում ուր ենք գնալու, ոնց ենք ցանկացած իրավիճակից օգուտ քաղելու, որ մեզ մոտ միշտ լինի «Armenia first»:

– ԱՄՆ-ի այս ծանուցումից առաջ հրապարակվել էր ԱՄՆ հետախուզության զեկույցը, որում նշվում է, որ Ղարաբաղի հակամարտությունում 2018 թ. բռնության նոր դրսևորումների ռիսկ կա:

– Դա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում պետական ինստիտուտներն աշխատում են: Եվ Հայաստանում չկա մի պետական չինովնիկ, քաղհասարակության, անվտանգության ներկայացուցիչ, որ չասի, որ պատերազմի վտանգը միշտ կա: Հիմա ԱՄՆ պետական ինստիտուտներն ասում են՝ աշխարհի այս-այս վայրերում կա այս հնարավորությունները, բայց չեն ասում, որ Բաքուն կոչ է անում, որ շուտով Երևանն է վերցնելու:

ԱՄՆ-ը պետք է հասկանա, թե ինչ քաղաքականություն վարի, որ նոր օջախներ չառաջանան, իսկ մենք, այսպես թե այնպես, պատերազմի մեջ ենք: Մի՞թե պատերազմն ավարտվել է: Ընդամենը մեկ շաբաթ առաջ չե՞ն կրակել: Իսկ ԱՄՆ զեկույցներում առաջին տարին չէ, որ դա գրվում է ու գրվելու է, մինչև լինի կարգավորում: Մինչ այդ մենք պետք է հետևություններ անենք, թե ինչպես ապահովենք ինքներս մեզ:

– Պարոն Պողոսյան, ԱՄՆ-ը իր հետախուզական զեկույցում նշում է, որ Ադրբեջանն ավելացնում է միլիտարիզացիան, իսկ հետո Հայաստանին ծանուցում են, թե՝ ռուսական զենքից հեռու մնացեք: Կողմնապահություն չկա՞ այստեղ:

– Աշխարհով մեկ այլ պետություններ էլ են ռուսական զենք գնում, նրանց չե՞ն ասել: Ինձ թվում է, խնդիրն այստեղ ոչ թե Հայաստանն է, այլ բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանից զենք են գնում: Մեզ Հայաստանն է հետաքրքիր, դրանով ենք մտահոգվել: Մեր հասարակությունը մի քիչ բաց է, հրապարակային խոսում, քննարկում ենք: Կարծում եմ` նման ծանուցում ստացել են բոլոր երկրները, որոնք անցած տարի զենք են ձեռք բերել Ռուսաստանից: ԱՄՆ-ի շահերի մեջ է, որ Ռուսաստանը թուլանա, իսկ Ռուսաստանը կթուլանա, եթե գումարներ չստանա: Գումարներ ստանում է նավթի, գազի, զենքի վաճառքից: Եվ հիմա զգուշացնում են՝ զենքի հետ կապված:

Այլ խնդիր է, որ, եթե դա կա, մենք էլ պետք է բարձրացնենք Մինսկի խմբում ԱՄՆ անաչառ միջնորդի դերակատարման մասին: Չէ՞ որ իրենք միշտ ասում են, որ բոլորն անաչառ միջնորդ են, բայց շատ հետաքրքիր անաչառություն է, երբ տեսնում են, թե ինչպես է Ադրբեջանը միշտ զենք գնում: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը զենք գնում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Թուրքիայից, և դա կարելի է:

Ունենք, չէ՞, դեսպան Վաշինգտոնում, ունենք, չէ՞, այստեղ ԱՄՆ դեսպան, թող ՀՀ ԱԳՆ-ն հրավիրի իրենց դեսպանին` բացատրություն պահանջեն, մեր դեսպանն էլ գնա այնտեղ՝ Պետքարտուղարություն, հետաքրքրվի, թե ինչո՞ւ է այսպիսի վիճակ: Խնդիրը պետք է լուծել դիվանագիտական խողովակներն օգտագործելով և առաջնորդվելով «Armenia first» սկզբունքով:

Տեսանյութեր

Լրահոս