«Ղարաբաղյան հակամարտությունը պատժամիջոցներից միայն կշահի»

«Կարծում եմ` նպատակը ոչ թե ամերիկյան առաջարկի հիման վրա հակամարտությունը կարգավորելն է, այլ լարվածությունը թուլացնելը, Ռուսաստանի ազդեցությունն իջեցնելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց շվեյցարացի քաղաքական վերլուծաբան Նիկոլյա Հայոսը՝ անդրադառնալով ԱՄՆ Ազգային հետախուզության հրապարակած գնահատականին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրինության գրասենյակը՝ Դեն Քոութսի գլխավորությամբ, փետրվարի 13-ին հրապարակել է ԱՄՆ հետախուզության գնահատականը աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ ամերիկյան կողմը 2018 թվականին բռնության նոր դրսևորումների ռիսկ է տեսնում:

Մասնավորապես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ աջակցելու տարածաշրջանում իր դաշնակցին:

ԱՄՆ Ազգային հետախուզության գրասենյակի գնահատմամբ՝ կողմերի շրջանում փոխհամաձայնության գալու ցանկության բացակայությունը, Ադրբեջանի կողմից մշտական ռազմական մոդեռնիզացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զինամթերքի ձեռքբերումը 2018 թվականին լայնամասշտաբ բռնկումների ռիսկ են առաջացնում:

Միևնույն ժամանակ՝ նշենք, որ հայկական ԶԼՄ-ների շրջանում տարածվեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծանուցումը, համաձայն որի՝ Միացյալ Նահանգները ծանուցել է Հայաստանի կառավարությանն այն մասին, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ «էական գործարքներ» ստորագրելու պարագայում այդ երկրները կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների թիրախում:

Նիկոլյա Հայոսն ասաց, որ այս երկու տեղեկությունները, բնականաբար, միմյանց հետ կապ ունեն: Ըստ նրա` իհարկե, նորություն չէ, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնաավորությունը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ այս հակամարտությունը կարգավորված չէ:

«Ոչ թե Ազգային հետախուզությունը, այլև տարբեր՝ թե՛ փորձագիտական կենտրոններ, թե՛ միջազգային համապատասխան կազմակերպություններ, ամեն տարի իրենց զեկույցներում անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտությանը, համարյա թե բոլոր զեկույցներում նշվում է այդ վտանգի մասին:

Այստեղ էականը Ղարաբաղյան հակամարտությանն անդրադարձն է այս մակարդակով, ինչը մի շարք պատասխաններ է տալիս, մասնավորապես, չեզոքացնում է բոլոր կարծիքներն այն մասին, որ Միացյալ Նահանգները չի հետաքրքրվում Ղարաբաղյան հակամարտությամբ, այս գնահատումը ոչ միայն պարզապես հետախուզության աշխատանքն ամբողջացնելու համար է, սա քաղաքականություն է, մոտեցում է, Ղարաբաղյան հակամարտության ներկայիս վիճակն անհանգստացնում է Նահանգներին, այս հակամարտության չկարգավորվածությունը սպառնում է ամերիկյան շահերին, նաև, կարծում եմ՝ սրա մասին է այս գնահատականը:

Նման գնահատում է հրապարակվել նաև «արդարացնելու» համար ամերիկյան հետագա քայլերը Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ, այսինքն` նոր երանգներ կան»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը:

Նրա խոսքով՝ այս գնահատականները նաև նրա համար են, որպեսզի ԱՄՆ-ը հաշվի առնի այն իր քաղաքականության տեսքով:

«Չի բացառվում, որ հաշվի առնելով նման գնահատականները՝ Միացյալ Նահանգները փորձում է պատժամիջոցների օգնությամբ արգելել կողմերին ձեռք բերել զինամթերք, քանի որ այդ զինամթերքն է նպաստում կողմերի ներկայիս կարծր դիրքորոշումներին, առանց նման ծանր և ժամանակակից սպառազինության՝ հակառակորդները կխուսափեն ռազմական գործողություններից, դա պարզ տրամաբանություն է: Կարծում եմ` Նահանգները պատրաստվում է ավելի շատ ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասին, քանի որ Հարավային Կովկասում տպավորություն էր, թե ԱՄՆ-ը զիջել է իր դիրքերը Ռուսաստանին, ու ներկայումս տպավորություն է, որ ԱՄՆ-ը փորձում է ուղղել սխալները»,- ասաց Հայոսը:

Հարցին, թե այս ամենին կհետևե՞ն դիվանագիտական նախաձեռնություններ՝ ուղղված հակամարտության կարգավորմանը, վերլուծաբանը պատասխանեց, որ սեղանին ներկայումս դրված բոլոր տարրերն ու սկզբունքները կազմվել են կողմերի և համանախագահների ջանքերով: «Կարծում եմ` սեղանին կան և՛ ռուսական, և՛ ամերիկյան փաթեթներ, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են թարմացվել և բերվել օրակարգ՝ որպես ամերիկյան առաջարկ, բայց այս ամենում կարևորն այն ազդեցությունն է, որն ամերիկյան կողմը ցանկանում է ունենալ:

Կարծում եմ` նպատակը ոչ թե սեփական առաջարկի հիման վրա հակամարտությունը կարգավորելն է, այլ լարվածությունը թուլացնելը, Ռուսաստանի ազդեցությունը իջեցնելը, տարածաշրջանի ներկայիս վիճակը կայունացնելը: Եթե ծանուցումները կամ հետագայում պատժամիջոցներն օգնեն, ապա Ղարաբաղյան հակամարտությունն էապես կշահի, և կողմերը ստիպված կլինեն համարձակ քայլերի չդիմել»,- ասաց Հայոսը:

Տեսանյութեր

Լրահոս