
Իրանը թշնամական լրտես-մողեսների ցանց է բացահայտել

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, թե օտարերկրացիները մողեսներին օգտագործում են իրանական միջուկային օբյեկտները լրտեսելու համար: Այս մասին, ինչպես հայտն է IFPnews-ը, նա ասել է Իրանի ILNA գործակալությանը տված հացազրույցում։
Ֆիրուզաբադին նշում է, որ որոշ ժամանակ առաջ Իրան էին ժամանել մի խումբ մարդիկ իբր Պաղեստինի համար փող հանգանակելու համար: Նրանք սկսել են երկրում տեղաշարժվել անսովոր երթուղիներով՝ դրանով իսկ հարուցելով Իրանի իրավապահ մարմնների կասկածանքը: Գեներալի խոսքով՝ փոխանակ գնալու Սպահան եւ Թեհրան, նրանք սկսել են «դեգերել անապատում»:
Թեհրան վերադարձած ակտիվիստներին թույլ են տվել հեռանալ երկրից, բայց նրանցից առգրավել են իրերը, որոնց մեջ հայտնաբերել են մողեսներ, քամելեոններ եւ ալիգատորներ: Գեներալը հավելել է, որ «սողունների մաշկն ունակ է որսալու միջուկային ճառագայթումն, ուստի Իրանի իշխանություններն այն եզրակացությանն են հանգել, որ մողեսների տերերը եղել են լրտեսներ, որոնք փորձել են իմանալ Իրանի ուրանի հորանների եւ միջուկային օբյեկտների տեղադրությունը: