Տարեց ամերիկացին 39 անգամ անընդմեջ նույն նվերն է մատուցել կնոջը
Ամերիկացին արդեն 39 տարի իր սիրեցյալին նվիրում է նույն կոնֆետների տուփը, բայց ոչ միայն խնայողության նկատառումներով: Ընտանեկան ավանդույթի պատմությանը նա հաղորդակից է դարձրել News 8 WTNH հեռուստաալիքին։
ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգի Ալբուքերքե քաղաքից Ռոն եւ Դոննա Քրամերները ծանոթացել են 1979 թվականին. տղամարդն ապահովագրական գործակալ էր աշխատում եւ բախել է իր սիրեցյալի դուռը՝ մատուցելու իր ծառայությունները: Շուտով նրանք սկսել են հանդիպել, եւ հենց առաջին Սբ.Վալենտինի օրվա կապակցությամբ Ռոնը աղջկան նվիրել է նրա սիրած մուգ շոկոլադե կոնֆետները՝ կրեմային միջուկով:
Խանութում տղամարդուն ասել են, որ եթե նա տուփը պահպանի, հաջորդ տարի այն կրկին կլցնեն կոնֆետներով, եւ նա հարկադրված չի լինի վերստին վճարել փաթեթավորման համար: Այդպես էլ նա արել է հաջորդ 38 տարվա ընթացքում: 2014 թվականին Դոննային դեմենցիա են ախտորոշել, իսկ 2015 թվականի օգոստոսին հարկ է եղել կնոջն ուղարկել ծերանոց, քանի որ նա չէր կարողանում ինքնուրույն որեւէ բան անել: «Մեր բաժանման օրն իմ կյանքի ամենատխուր օրն է»,-նշել է Քրամերը:
Նա գիտակցում է, որ կինը ցանկացած օր կարող է իրեն մոռանալ, ուստի ջանում է նրա հետ որքան կարելի է ավելի շատ ժամանակ անցկացնել եւ պահպանել ընտանեկան բոլոր ավանդույթները: Դոննան շատ է գնահատում ամուսնու ջանքերը, խոստովանում է, որ առաջվա պես շատ է սիրում իր ամուսնուն եւ նրան համարում է իր «պահապանը»: