Մահացել է Դանիայի թագուհու ամուսինը՝ արքայազն Հենրիկը
83 տարեկան հասակում փետրվարի 13-ին վախճանվել է Դանիայի Մարգրետե Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Հենրիկը: Այդ մասին հայտնել է թագավորական պալատի մամուլի ծառայությունը:
«Նորին Թագավորական Մեծություն արքայազն Հենրիկը մահացել է երեքշաբթի՝ փետրվարի 13-ին ժամը 23:18-ին Ֆրեդենսբորգ դղյակում: Արքայազնի կողքին էին Նորին Մեծություն թագուհին եւ երկու որդիները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցյալ տարի արքայազնը հայտարարել էր, թե չի ցանկանում հողին հանձնվել իր կնոջ կողքին: Բացի այդ, վերջին մի քանի տարիներին նա լրագրողներին հայտարարում էր, որ դժգոհ է իր կյանքից արքունիքում ու իր տիտղոսից: 2015 թվականի վերջին նա հրաժարվեց դրանից այն բանից հետո, երբ թոշակի անցավ: Դրանից հետո թագավորական պալատը հայտարարեց, թե արքայազնը տառապում է թուլամտությունից:
2017 թվականին Մարգրետե Երկրորդը եւ արքայազն Հենրիկը նշել են ոսկե հարսանիքը՝ համատեղ կյանքի 50-ամյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: