Ազգերի համագործակցությունում գաղտնի քննարկում են Եղիսաբեթ Բ-ի հնարավոր հաջորդներին
Ազգերի համագործակցությունում սկսել են այն հարցի գաղտնի քննարկումը, թե ով կարող է փոխարինել Եղիսաբեթ Բ-ին այդ միավորման ղեկավարի պաշոնում: Այդ մասին հայտնել է BBC News-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ հարցը բավականին բարդ է, քանի որ Ազգերի համագործակցության ղեկավարի դերը ժառանգաբար չի անցնում եւ, հետեւաբար, ինքնաբերաբար չի անցնի արքայազն Չառլզին թագուհու մահվան դեպքում: Բրիտանական գահին միապետի փոխվելու դեպքում Համագործակցության անդամ երկրների ղեկավարները պետք է որոշում ընդունեն նոր ղեկավարի նշանակման մասին:
BBC News-ի տեղեկատվությամբ՝ Ազգերի համագործակցությունում արդեն ստեղծված է հատուկ խումբ, որը կզբաղվի միավորման կառավարման հետ կապված հարցերով, ինչպես նաեւ հնարավոր գործողություններով Եղիսաբեթ Բ-ի մահվանից հետո, որի 92 տարին լրանում է ապրիլին:
Սպասվում է, որ հատուկ խումբն իր մշակումները կներկայացնի Ազգերի համագործակցության մասնակից երկրների ղեկավարների՝ ապրիլին Լոնոնում կայանալիք հանդիպմանը:
Ազգերի համագործակցությունը պետությունների կամավոր միավորում է: Դրա մեջ են մտնում Մեծ Բրիտանիան եւ նրա նախկին մի շարք դոմինիոններ, գաղութներ եւ պրոտեկտորատներ: Ընդամենն Ազգերի համագործակցության կազմում կա 52 պետություն, այդ թվում՝ Ավստրալիան եւ Կանադան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: