Հոգեբանական ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ տիկնիկները երեխաների վրա

Խաղը զարգացնում է երեխայի սոցիալական հարմարումը, նորմերի ու առօրյա գործընթացների յուրացումը: Երեխայի խաղի բաղադրիչները՝ խաղալիքները, լինում են բազմաբովանդակ և ներկայացնում են իրական կյանքի խաղարկային մոդելներ:

Երեխան կարող է լինել մայրիկի դերում, ընտրել մասնագիտություններ՝ խոհարար, բժիշկ, շինարար, ուսուցիչ, իրականացնել նրանց դերը, կառուցել ամրոցներ, և այլն: Սակայն կան խաղալիքներ՝ տիկնիկներ, որոնք երեխային հրամցնում են մարդու կառուցվածքի, տարիքային պատկանելության, ընտանիքում նրանց դերային պատկանությունների մասին տեղեկատվություն:

Այդ խաղալիքները երեխաների ամենասիրելի խաղալիքների շարքից են, քանի որ երեխան տիկնիկի մեջ կարող է տեսնել ինքն իրեն, կամ իր մայրիկին, եղբորն ու քրոջը, արտահայտել այն զգացողություններն ու հույզերը, որոնք նա զգացել և ապրել է հարազատների հետ փոխհարաբերությունում: Կցանկանամ անդրադառնալ մի քանի կարևոր հարցերի, որոնք անհանգստացնում են մի շարք ծնողների, ում երեխաները շատ կապված են իրենց տիկնիկների հետ և նույնիսկ նույնականանում են՝ օտարվելով իրականությունից: Հարցերը հետևյալն են.

Ի՞նչ դրական և բացասական գործոններ ունի տիկնիկների հետ խաղը

Առհասարակ խաղալիքները երեխաների համար ունեն կառուցողական դերակատարում: Խաղը զարգացնում է երեխայի իմացական գործընթացները, ամրացնում մկանային համակարգը, սեփական գործողությունները կառավարելու հմտությունը և դիտարկումը: Տիկնիկներն այն խաղալիքներն են, որոնք մարդու ֆիզիոլոգիայով ստեղծված մոդելներ են և երեխայի մոտ ստեղծում են մարդկային տեսակի ճանաչողություն՝ ավելի հասանելի տեսանկյունից:

Երեխան իր սոցիալական փորձը կիրառում և ավելի զարգացնում է տիկնիկի հետ խաղի միջոցով: Այսինքն՝ տիկնիկի հետ խաղը հնարավորություն է տալիս, որպեսզի խաղի ընթացքում երեխայի մոտ արտահայտվեն հուզական ֆոն պարունակող զգացողություններ՝ քնքշանք, հոգատարություն, խնամք, ինչպես նաև՝ ագրեսիա: Բացասական կարող է լինել այն գործոնը, երբ տիկնիկը կամ խաղալիքը ճիշտ ընտրված չեն, այսինքն՝  ունեն բնականին ոչ համապատասխան մարմնակառուցվածք կամ արձակում են ոչ բնական ձայներ: Դա կարող է երեխայի մոտ իրականության վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումներ ստեղծել և հանգեցնել ընդհուպ՝ որոշակի վախերի առաջացման:

Կարո՞ղ են, արդյոք, երեխաների բնավորության ձևավորման գործընթացում տիկնիկներն ունենալ ազդեցություն

Կան տիկնիկներ, որոնք իրենց գործառույթով որոշակի դեր են թելադրում: Դրանք կարող են լինել մուլտ-հերոսներ, որոշակի պատմվածքի մարմնավորումներ, որոնք ունեն իրենց առաքելությունը և դրան համապատասխան՝ հագուստ, որը, ինքնըստինքյան, կոնկրետ թելադրող վարքի է մղում, ինչն էլ, բնականաբար, դեռ չձևավորված երեխայի մոտ, առանց ընտրողականության իրավունքն առաջ մղելու, ստեղծում է կերպար, ըստ որի՝ երեխան ինքնաիրականացվում է, բայց արդեն՝ որպես այն տիկնիկը, որի հետ նա խաղում է:

Ըստ այդմ երեխան ունենում է ձեռքբերովի բնավորության գծեր, որոնք իրականում իրենը չեն: Նման երեխաները հետագայում, դառնալով չափահաս, կյանքի ընթացքում փորձում են անընդհատ նույնականանալ իրենց կյանքում դոմինանտ դեր կատարող մարդկանց հետ՝ հայր, տնօրեն, հեղինակություն վայելող ընկեր, և այլն: Նրանք կյանքի ընթացքում միշտ սեփական ինքնության փնտրտուքի մեջ են լինում:

Բարբի տիկնիկներն ունեն ձևավորված կառուցվածք. կարո՞ղ է, արդյոք, այդ հանգամանքը թերարժեքության բարդույթներ առաջացնել դեռ չձևավորված կառուցվածքով երեխայի մոտ

Այս հարցն արդիական հարցերի շարքում է, քանի որ մենք ինքներս էլ տեսնում ենք, թե այսօրվա մարդն ինչպես է փորձում կատարելագործել սեփական արտաքինը, որպեսզի համապատասխանի որոշակի չափորոշիչների: Նման վարքը հուշում է, որ հասարակության մեջ կա նկատվող միտվածություն՝ լինել արտաքնապես անթերի, ինչը հանգեցնում է անբնական տեսքի, պահվածքի և կեցվածքի:

Եթե նկատել ենք, բարբի տիկնիկներն ունեն իրենց գեղեցկության չափանիշերը, որոնք  կենսաբանորեն մեր մարմնի կառուցվածքի հետ  անհամատեղելի են: Երեխաների ձևավորման փուլը, որը հիմնականում շեշտը դնում է արտաքինի և ինքնաներկայացման վրա. դրսևորվում է դեռահասության տարիքում:

Այս տարիքում է, որ նույնականացման մեխանիզմը գործում է ամենաարտահայտված ձևով: Դեռահասը փորձում է գտնել նույնականացման օբյեկտ, որն առավել կատարյալին մոտ կլինի և ավելի հասարակության հիացմունքին կարժանանա: Այդ ամենն ընդօրինակելու համար դեռահասը նախ՝ ինքն իրեն պետք է համեմատի տվյալ կերպարի արտաքին տվյալների հետ, և յուրաքանչյուր  իրար ոչ նման հատկանիշի հետ մեկտեղ՝ կուտակվում են ինքնամերժման կաթիլներ, որոնք հետագայում վերածվում են կայուն թերարժեքության բարդույթի: Այս հանգամանքում, աստիճանաբար ձևավորված բարդույթի «բուժումը» մասնագետի՝ հոգեբանի երկարատև աշխատանք է պահանջում:

Աղջիկ ու տղա երեխաների խաղալիքների մասին

Եթե հստակ տարանջատում կատարենք, ապա սեռային պատկանելությունը (տղա և աղջիկ) շեշտող խաղալիքները տարբերվում են իրենց սոցիալական գործառույթով: Այսինքն՝ նրանք հիմնականում ծառայում են՝ որպես սոցիալական դերերի բաշխման ուղեցույցներ: Երեխան ծանոթանում է այն մասնագիտություններին և պարտականություններին, որոնք հնարավորինս ակնհայտ կերպով շեշտում են սեռային պատկանելություն: Սակայն դա չի նշանակում, որ տղաները չպետք է խաղան տիկնիկներով կամ խոհանոցային պարագաներով: Դրանք նույնպես որոշակի սոցիալական դերերի յուրացման մոդելներ են, որոնք հնարավորինս հարստացնում են երեխայի կենսափորձը:

Հուսով եմ, որ այս հարց ու պատասխան ձևաչափի մեջ տրամադրվող տեղեկատվությամբ կարողացա որոշակի չափով պատասխանել և բավարարել ձեր անհանգստության պատճառ հանդիսացող հարցերին: Միշտ հիշեք, որ խաղալիքը պետք է լինի հստակ բովանդակությամբ, իրականությանը մոտ կառուցվածքով, ունենա պարզ և հստակ գործառույթ և չլինի անբնական ծագման՝ թե՛ տեսքով, թե՛ իր իմաստային բնույթով:

Տեսանյութեր

Լրահոս