Ինչո՞ւ միջազգային կառույցներն այսքան սխալվեցին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսման հարցում
Ասում են՝ կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այդ թվում՝ տնտեսությանը վերաբերող կանխատեսումներ։ Ամենալավ ու ամենաթարմ ապացույցը հեղինակավոր միջազգային կառույցներից մեկի՝ Համաշխարհային բանկի կանխատեսումներն են ՀՀ տնտեսության վերաբերյալ։
Սկսենք սկզբից։ Կառավարությունն ի սկզբանե 2017թ. համար կանխատեսում էր 3.2% տնտեսական աճ, ինչն ամրագրվել էր նաև 2017-ի պետական բյուջեի մասին նախագծում։
Տարին բավականին լավ սկսվեց, և մինչև 2017թ. օգոստոսն աճի տեմպերը կրկնակի գերազանցում էին նախատեսված ցուցանիշը։ 2017թ. օգոստոսին՝ 2016-ի օգոստոսի համեմատ, աճի տեմպն ընկավ մինչև 3.9%, իսկ սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, 3%։ Չնայած սրան, տնտեսական ակտիվության կումուլյատիվ աճը` 2017թ. հունվար-սեպտեմբերը 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, բավականին բարձր էր՝ 5.6%: Տարվա վերջին եռամսյակում տնտեսական աճն արագացավ, ինչը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ 2016-ի վերջին բազային ցուցանիշները վատն էին։ Այսպես, 2017թ. հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել էր 6.9%-ով, հունվար-նոյեմբերին՝ 7.1%-ով, հունվար-դեկտեմբերին՝ 7.7%-ով։
Աճի տեմպի արագացմանը զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը տարեվերջին վերանայեց տնտեսական աճի ցուցանիշը՝ ճշգրտելով, որ այն կկազմի 4.3%։ Իսկ երբ պարզ դարձավ, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին սպասվածից շատ ավելի բարձր աճ է գրանցվել, կանխատեսումները կրկին վերանայվեցին աճման ուղղությամբ։ Տնտեսական աճի (ՀՆԱ-ի) աճի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, սակայն տնտեսական բլոկի տարբեր կառույցներն արդեն հրապարակել են իրենց գնահատականները։ Օրինակ՝ ԿԲ-ն սպասում է, որ ՀՆԱ-ի աճը 2017-ին կկազմի 6.4%, Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 6.7%, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ 7% աճ։
Հիմա տեսնենք՝ ինչ էր կանխատեսում Համաշխարհային բանկը։ Ի սկզբանե ՀԲ-ն Հայաստանի տնտեսության համար 2017թ. կանխատեսում էր 2.7% տնտեսական աճ. ճիշտ է՝ կառավարության 3.2%-ից ցածր էր, սակայն շեղումն այդքան մեծ չէր, որքան հետո պետք է լիներ։ 2017-ի հունիսին Համաշխարհային բանկն անփոփոխ թողեց կանխատեսումը՝ 2.7%։ Իսկ այս տարվա հունվարին ՀԲ-ն հրապարակեց տնտեսական աճի վերանայված կանխատեսումը՝ հասցնելով 3.7%-ի։ Նկատի ունեցեք, Համաշխարհային բանկի վերջին կանխատեսման հրապարակման պահին արդեն հայտնի էր, որ հունվար-նոյեմբերին ունեցել ենք տնտեսական ակտիվության 7.1% աճ։
Հաջորդ տարիների համար էլ Համաշխարհային բանկի կանխատեսումները շատ ավելի ցածր են, քան ՀՀ կառավարության կանխատեսումները։ ՀԲ-ն ընդունում է, որ ցուցանիշները սպասվածից լավն են եղել, և նշում, որ տնտեսության միջնաժամկետ հեռանկարը մի քանի ամիս առաջ սկսել է բարելավվել՝ արտացոլելով կառուցվածքային բարեփոխումների օրակարգի առաջընթացը (մասնավորապես՝ գործարար և ներդրումային միջավայրի առումով) և հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսությունում ինչ-որ չափով ավելի կուռ, սակայն դեռևս համեստ աճը։ Սակայն 2018-ի համար կառավարությունը կանխատեսում է 4.5% աճ, Համաշխարհային բանկը՝ 3.8%։ 2019-ի համար կառավարությունը կանխատեսում է աճի տեմպի արագացում մինչև 5%, ՀԲ-ն՝ 4%։ «Աճի համար հիմնական ռիսկը բխում է կառուցվածքային լրջագույն բարեփոխումների շարունակվող դանդաղ իրականացումից»,- նշված է ՀԲ զեկույցում։
Ըստ այդմ՝ գնահատականները տարբերվում են նաև պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասով։ Կառավարությունը խոստանում է, որ 2018-ին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 1 տոկոսային կետով, մինչդեռ ՀԲ զեկույցում բառացիորեն նշված է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցության նվազում մինչև 2019թ. չի ակնկալվում։ Սա պայմանավորված է ոչ թե պարտքի չափով, այլ այն հանգամանքով, որ ըստ Համաշխարհային բանկի՝ ՀՆԱ-ն ավելի փոքր է լինելու։
Ինչո՞ւ են միջազգային կառույցների կանխատեսումները տարբերվում ՀՀ կառավարության կանխատեսումներից։ Որպեսզի ձեզ չձանձրացնենք և ավելի հասկանալի դարձնենք ասելիքը, կրկին կենցաղային օրինակով խոսենք։
Կոշիկի փոքրիկ արհեստանոցն արտադրում է օրական 10 զույգ կոշիկ, տարեկան՝ 3650 զույգ։ Տնօրենը պոտենցիալ գործընկերոջը (որը գնորդ ու ֆինանսավոր է գտնում) ասում է, որ տարվա ընթացքում արտադրությունը հասցնելու է 5000 զույգի, և հորդորում է պայմանագիրը գնորդի հետ կնքել 5000 զույգի համար։ Ասում է, որ բերելու է նոր հոսքագիծ և վերապատրաստելու է իր աշխատակիցներին։ Գործընկերը գոհունակությամբ ժպտում է, սակայն ներքուստ չի հավատում և փաստի առաջ չկանգնելու համար՝ պայմանագիրը կնքում է ոչ թե 5000, այլ մի բան էլ քիչ՝ 3000 զույգի համար։ Նախ՝ նա չի հավատում, որ տնօրենը կկարողանա նոր հոսքագիծ բերել։ Բացի այդ, չի հավատում, որ կկարողանան նորմալ աշխատեցնել այն և արդյունք ստանալ։ Տնօրենը, սակայն, հոսքագիծը բերում է։ 3 ամիս անց օրական արդեն արտադրում է 11 զույգ։ Հետո սկսում է զգալ արդեն վերապատրաստված աշխատակիցների օգուտը՝ տարվա կեսին օրական ծավալը հասնում է 12 զույգի։
Վերապատրաստված աշխատողներից մեկն էլ ընթացքում առաջարկում է նորարարություն կիրառել, որը սպասվածից էլ լավ էֆեկտ է տալիս, և տարվա վերջում կոշիկի արտադրության ծավալը հասնում է 5100-ի։ Գործընկերն այդ ընթացքում զբաղված է ավելի կարևոր գործերով։
Նոր հոսքագծի մասին նա իմանում է մի 2-3 ամիս անց, տարվա կեսին էլ տեղեկանում է, որ մի պլանը գերակատարել են։ Սակայն դեռ համոզված չի, որ այդպես էլ կշարունակվի, և չի փորձում ավելացնել պատվերը։ Նոյեմբեր-դեկտեմբերին արդեն ակնհայտ է, որ 3000 հատից ավելի կոշիկ է արտադրվելու, սակայն՝ պատվերի քանակը փոխել այլևս հնարավոր չէ։
Գալիս է հաջորդ տարվա պայմանագիրը կնքելու ժամանակը։ Ի՞նչ եք կարծում՝ տեսնելով, որ ֆաբրիկան կարողանում է տարեկան 5100 կոշիկ արտադրել և խոստանում է ավելացնել մինչև 6000, գործընկերը գնորդին առաջարկում է 5000 զո՞ւյգ գնել։ Ոչ։ Նա առաջարկում է 3000-ից ավելի շատ, սակայն՝ ոչ 5000։ Ասենք՝ 4000 զույգ։ Որովհետև նա վստահ չէ, որ տնօրենը կամ վերապատրաստված աշխատակիցները չեն հեռանա ընկերությունից։ Վստահ չէ, որ հոսքագիծը շարքից դուրս չի գա։ Ավելին՝ նա դեռ վստահ չէ, որ կոշիկի արտադրության աճը որակի հաշվին չի եղել, և պետք է համոզվի։ Կարճ ասած, գործընկերը դեռ կասկածներ ունի և չի շտապում տպավորիչ կայուն աճ կանխատեսել։
Հիմա պատկերացրեք՝ կոշիկի արհեստանոցը Հայաստանի տնտեսությունն է, գնորդ ու ներդրող գտնող գործընկերը՝ Համաշխարհային բանկը։ ՀԲ-ն (ինչպես և մյուս միջազգային կառույցները) դեռ վերապահումներով է մոտենում կառուցվածքային լուրջ բարեփոխումների իրականացման հնարավորությանն ու կառավարության վճռականությանը այս հարցում։ Բացի այդ, նույնքան օպերատիվ չեն վերագնահատում փոփոխություններն ու չեն տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, որքան կառավարությունը։ Հունվարին հրապարակված զեկույցում տեղ գտած կանխատեսումները կարող են հիմնված լինել մի քանի ամսվա վաղեմության ցուցանիշների վրա։
Հայաստանի նման փոքր տնտեսությունների նկատմամբ ՀԲ-ի ու մյուս կառույցների հետաքրքրությունն այնքան մեծ չէ, որքան զարգացած՝ եղանակ ստեղծող երկրների դեպքում, և եռամսյակային վերանայումները շատ մեծ խորությամբ չեն կատարվում։ Բացի այդ, ՀԲ-ն երկարաժամկետ կտրվածքով պլանավորում է իր ծրագրերը տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այդ ծրագրերի հիմքում ընկած են մի շարք ցուցանիշներ, այդ թվում՝ տնտեսական աճը և մյուս առանցքային տվյալները։ Կտրուկ վերանայումները կարող են հարցեր առաջացնել հենց բուն կազմակերպության ներսում։
Իհարկե, սա ՀԲ-ի պաշտոնական բացատրությունը չէ։ Այս բացատրությունը սուբյեկտիվ է և հիմնված տարբեր փորձագետների կողմից մասնավոր զրույցներում հայտնված կարծիքների վրա։ Բայց կարծում ենք՝ իրականությունից շատ հեռու չենք։
Հաճախ հարցնում են՝ իսկ նորմա՞լ է, երբ կանխատեսումն այդ աստիճան սխալ է լինում՝ 3,2%-ի փոխարեն 6-7%։ Ու ի՞նչ իմաստ ունի կանխատեսումներ անել այդ դեպքում։ Այո, դա նորմալ է, կանխատեսողները պատրաստի ձևակերպումներ ունեն, որով հիմնավորելու են, թե ինչու աճն իրենց սպասածից շատ ավելի բարձր եղավ։ Սակայն կա շատ ավելի կարևոր ոի հանգամանք. թե՛ ՀԲ-ի, թե՛ մյուս կառույցների կանխատեսումները գուշակություններ չեն և հավակնություն էլ չունեն շատ ճշգրիտ լինել։
Դրանք ավելի շուտ մեսիջներ են կամ ակնարկներ՝ առ այն, թե տվյալ կառույցը որքանո՞վ է հավատում տվյալ երկրի կառավարիչների կամքին և ունակություններին։ Մեր դեպքում՝ այդ հավատն աճել է, սակայն ոչ այն չափով, որքան մենք կցանկանայինք։