Գյումրու կենտրոնական ջրագծերից մեկը վթարի է ենթարկվել
Գյումրիում հին ջրագծի վթարի պատճառով քաղաքի մի շարք թաղամասեր, արդեն երկու օր է, ջուր չունեն: Պատճառը Գյումրու կենտրոնական ջրագծերից մեկի վթարն է, որը բավական հին ջրախողովակ է:
«Խայտառակ վիճակ է, ոչ կարող ենք աման լվանալ, ոչ ճաշ պատրաստել, մեզ էլ տեղյակ չեն պահում, թե երբ ջուր կունենանք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու բնակիչներից մեկը:
«Վեոլիա Ջուր» ընկերության Գյումրու մասնաճյուղից 168.am-ին տեղեկացրին, որ այսօր մինչև օրվա վերջ վթարը կվերացվի, օրվա վերջում ջրազրկված թաղամասերի բնակիչները ջուր կունենան, և, որ վթարավերականգնողական աշխատանքների իրականացմանը մասնակցում է նաև ընկերության տեխնիկական գծով ինժեները:
«Աշխատում են քաղաքի կենտրոնական ջրագծի վրա: Խոսքը Շիրակացի թաղամասը սնունցող ջրագծի մասին է, ավելի ճիշտ՝ դեպի Շիրակացի, Կամո, Հանեսօղլյան փողոցներ, բուսաբանական այգի, Օզանյան փողոց գնացող ջրագծի վթարի մասին է»,- մեզ փոխանցեցին ընկերությունից:
Անահիտ Սիմոնյան