«Ջրագծերի անցկացման երրորդ փուլը հարցականի տակ է». նախկին «Շիրակ-Ջրմուղ-Կոյուղու» տեխնիկական գծով տեսուչ
Գյումրու Հ.Սարգսյան փողոցի մի քանի բնակիչներ դիմել են 168.am-ին՝ խնդրելով պարզել, թե երբ է իրենց փողոցում նոր ջրագծեր անցկացվելու:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք «Վեոլիա Ջուր» ընկերություն, որտեղից պատասխանեցին. «Ներկայումս 2018 թվականի համար նախատեսված աշխատանքների ծրագիրը դեռևս քննարկման փուլում է: Նաև հայտնի չէ, թե երբ KFW բանկը կվերսկսի նշված փողոցի ֆինանսավորումը, դրա համար էլ որևէ կոնկրետ բան հայտնել չենք կարող: Լրացուցիչ տեղեկացնենք, որ տվյալ բանկի հետ համագործակցում է ոչ թե «Վեոլիա Ջուրը», այլ Ջրային տնտեսության պետական կոմիտեն»:
Նշենք որ Հայաստանի և Գերմանիայի Դաշնության միջև կնքված միջկառավարական պայմանագրով, KFW բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ընթացել են ջրամատակարաման խոշոր բախիչ ցանցերի, ջրատարների վերականգնման աշխատանքներ, փոխվել են մաշված մայր ջրագծերը:
Դեռևս 2013 թվականի օգոստոսին «Շիրակ-Ջրմուղ-Կոյուղուց» վստահեցնում էին, որ ջրագծերի անցկացման և բաշխիչ ցանցերի վերականգնման առաջին փուլը մոտենում է ավարտին, որի համար ծախսվել է 14.5 մլն եվրո գումար:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքում վարկային և դրամաշնորհային ծրագրերին վերաբերող տեղեկատվության համաձայն, Գերմանիայի զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման վարկային ծրագրի երրորդ փուլի վերաբերյալ 2013 թվականին ՀՀ կառավարության և KFW բանկի միջև կնքվել է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II – 3 փուլ» անվանումով պայմանագիրը:
«Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է 6 քաղաքների և 37 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հատվածների հրատապ վերականգնման աշխատանքների, բաշխիչ ցանցերի վերականգնման, Գյումրի քաղաքի առավել ռիսկային կետերի (Աթոյան, Շիրակացի, Ղուկասյան փողոցների) կոյուղու համակարգի վերականգնման, Վանաձոր, Արմավիր քաղաքների ջրամատակարարման համակարգի նորացման, ինչպես նաև թվով 3 ջրամբարների կառուցման աշխատանքների որոշ մասի իրականացումը»,- նշված է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կայքում:
Մենք փորձեցինք «Շիրակ-Ջրմուղ-Կոյուղու» տեխնիկական գծով նախկին տնօրեն Արշալույս Ավդալյանից տեղեկանալ՝ արդյո՞ք 2013 թվականին Գյումրիում կոյուղու վերականգնման աշխատանքներ իրականացվել են:
«Սաղ մոռացել եմ, հեչ բան էլ չեմ հիշե: Ես ըմպես եմ նեղեցած սաղից օր: Էս քաղաքը ամռանը գարշահոտությունը ելել, լցվել էր, մեկդ չգնացիք՝ ըսեիք, թե էս ինչ կկատարվի: Ինչքան հնարավորություն ունեցել է «Շիրակ-Ջրմուղը», մեր ուժերով վերանորոգել ենք, կոյուղին էլ»,- նշեց Ա.Ավդալյանը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք գերմանական KFW բանկը Շիրակի մարզում ջրագծերի անցկացման համար վարկը միանգամից բոլոր փուլերի համար էր տրամադրել, Ա.Ավդալյանը պատասխանեց, որ բանկը վարկը մաս-մաս էր հատկացնում. «Ոչ: Հմի երրորդ փուլն է, «Վեոլիա Ջուրն» էլ մասնավոր հիմնարկ է: Երրորդ փուլի հարցն էլ հարցական է, թե ինչ կեղնի: Թյուրիմացություն է, սաղ քաղաք մունդռին, դրին վար: Հայրենիքի ջուրը ո՞նց կարող ես վերցնել, տալ արտասահմանյան պետության»:
Անահիտ Սիմոնյան