«Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում ա». Նիկոլ Փաշինյան
«Էս ի՞նչ առաջին փոխվարչապետի խոսակցություն ա: Սահմանադրության մեջ տենց հասկացություն չկա: Եվ պարզ ա, որ չկա, որովհետև 2015 թվին դրա անհրաժեշտությունը չկար: 2015 թվին, երբ էս նոր Սահմանադրությունն ընդունվում էր, Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր էն ժամանակ, մտածում էր, որ սուպերվարչապետն ինքն ա լինելու, Սերժ Սարգսյանն էլ մտածում էր` դե՛, թող Հովիկ Աբրահամյանը տենց մտածի:
Հետո իրավիճակը փոխվեց, Սերժ Սարգսյանը կանչեց Մոսկվայից Կարեն Կարապետյանին, ասեց` Կարեն ջան, հիմա դե ես հայտարարել եմ, չեմ հավակնելու վարչապետի պաշտոնին, արի, իշխանությունը քեզ ժառանգեմ, էլի, արի վարչապետ աշխատի: Կարեն Կարապետյանն էլ ասեց` եղավ, սուպերվարչապետը կլինեմ ես: Հիմա եկել ա էդ փոխանցելու պահը, ասում են` Կարեն ջան, ոնց որ Գալուստ Գրիգորիչը դեմ ա, ֆրակցիան, մեկը, մյուսը, մյուսը, ստացվել ա իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը պետք ա չորով «քցի» Կարեն Կարապետյանին` աչքերի մեջ նայելով»,- այսօր ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` իրավիճակը մեղմելու համար կլինի խրախուսական մրցանակ` առաջին փոխվարչապետ:
«Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում ա»,- նկատեց Ն.Փաշինյանը` հավելելով, որ արդյունքում Ս.Սարգսյանը ժողովրդին էլ է խաբում` ասել է, որ չի լինելու վարչապետ, բայց այդ հարցը լուծում են:
Նրա կարծիքով` ժողովրդի համար էլ են խրախուսական մրցանակ սահմանել` Բրիտանիայից հրավիրված Արմեն Սարգսյանը, որ «գեղեցիկ ժպտում է»: Սակայն, ըստ Ն.Փաշինյանի, Ա.Սարգսյանը կարող է հընթացս սկսել լուրջ վերաբերվել երկրի ղեկավարի իր պաշտոնին, և փորձում են նրա թևերը կտրել, նույնիսկ նախագահական նստավայրում` Բաղրամյան 26-ում չի նստելու.
«Իսկ այդ ընթացքում կիրականացվի ինստիտուցիոնալ լրջագույն բարեփոխում»: