«Ոնց որ քննարկենք ստրկատիրությունը, ասենք՝ դե, ստրուկներն են մեղավոր, թող ապստամբեն». Արարատ Միրզոյան

Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Իշխանության գերկենտրոնացում. ինչո՞ւ է ՀՀ-ում ստեղծվում «սուպերվարչապետական» համակարգ» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հակադարձեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի այն դիտարկմանը, թե հասարակությունն է ծնել այս իշխանությանը։

«Փորձում ենք ամեն ինչի մեղքը գցել ժողովրդի վրա՝ ասելով՝ դե, իրենք են ընտրել։ Ոնց որ քննարկենք ստրկատիրությունը, ասենք՝ դե, ստրուկներն են մեղավոր, թող ապստամբեն, եթե դուրները չի գալիս։ Հիմա, երբ խոսում ենք դռնփակ նիստերի մասին, ասում ենք՝ նախկինում էլ իմիտացիա էր, ո՞վ էր նայում, թող փակ լինի։ Խնդիրն այն չէ՝ մեզ հետաքրքի՞ր է, թե՞ ոչ, խնդիրն այն է, որ մենք իրավունք ունեինք իմանալ, իսկ հիմա մենք այդ իրավունքը չունենք»,- ասաց Միրզոյանը։

«Պարոն Զուրաբյանն ասում է, որ այն, ինչ կա, ամրագրում ենք օրենքով. դե եկեք Սահմանադրությունից հանենք՝ ինքնիշխան, ժողովրդավար, սոցիալական պետությունը, դրանցից ոչ մեկն էլ ճիշտ չէ։ Եկեք ֆիքսենք, որ Հայաստանը ժողովրդավար պետություն չէ, որ իշխանությունը փոխանցվելու է ժառանգաբար, որովհետև գնալով դրա առաջ էլ ենք կանգնում։ Եթե առաջ վատ էր, հիմա ասում ենք՝ հա դե, նորմալ է, օրենքով վատ է»։

Ի պատասխան՝ Արարատ Զուրաբյանը պնդեց իր այն միտքը, որ ստեղծված իրավիճակի ծնողը երկուսն են՝ հասարակությունն ու  իշխանությունը. «Ես ցանկացած քո ասածի տակ, Արարատ ջան, կստորագրեմ, պետք չէ ներկայացնել, թե այլ մոտեցումներ ունեք, խնդիրը հետևյալն է՝ մենք արձանագրում ենք այն իրողությունը, որը կա, դու ասում ես՝ չէ, ավելի վատ է։ Ես ասում եմ հետևյալը, որ այս ամենի պատճառը բոլորիս համար էլ հայտնի է, պետք չէ ներկայացնել, թե ակադեմիական տոնով ենք ասել. ակադեմիական տոնով էլ ենք ասել, միտինգ էլ ենք արել, բանտ էլ ենք նստել, ամեն ինչ արել ենք էս կյանքում, անհրաժեշտության դեպքում նույնը տասնապատիկ կկրկնենք։ Իհարկե, վատ է, որ ֆորմալ առումով էլ է փակ լինելու, բայց այն, որ միշտ փակ է եղել, բոլորս շատ լավ գիտենք»։

Կարդացեք նաև

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն էլ նկատեց՝ օրենքները ոչ թե պետք է ֆիքսեն եղած իրավիճակը, այլ մի քիչ ավելի առաջ լինեն. «Հիմա այս հարցերին պետք է նայենք այդ տեսանկյունից, թե այս փոփոխությունները, այս նոր համակարգը մեր նպատակին մոտեցնո՞ւմ են, թե՞ հեռացնում դրանից։ Ես հակված եմ կարծելու, որ այս փոփոխությունները մեզ հեռացնում են մեր նպատակից։ Մեր նպատակն է՝ ունենալ ավելի հզոր, զարգացած, կազմակերպված, ժողովրդավար պետություն»։

Տեսանյութեր

Լրահոս