Արդյոք կորած անձնագրի փոխարեն նորը ստանալիս լրացուցիչ գումար գանձվո՞ւմ է
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եթե քաղաքացին կորցրել է իր անձնագիրը, նորը ստանալու դեպքում դիմում է տարածքային անձնագրային ծառայություն: Կորստյան վերաբերյալ դիմումը լրացվում է տեղում. անձնագրային ծառայությունից բացի այլ մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Կորած անձնագրի տվյալները մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգ:
Հին նմուշի անձնագրի դեպքում քաղաքացին իր հետ ներկայացնում է 3,5X4,5 չափսի երկու գունավոր լուսանկար, իսկ բիոմետրիկ անձնագրի դեպքում լուսանկար ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է. լուսանկարահանումն իրականացվում է անձնագրային ծառայությունում:
Երկու դեպքում էլ մինչև 50 տարեկան զինապարտ քաղաքացիները ներկայացնում են զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը կամ տարկետումը հավաստող այլ փաստաթուղթ:
Հին նմուշի անձնագրի կորստյան դեպքում նորը տրամադրվում է 10-րդ աշխատանքային օրը (փոխանակման դեպքում՝ 5-րդ աշխատանքային օրը), իսկ բիոմետրիկ անձնագիրը կորցնելիս նորը տրամադրվում է 15-րդ աշխատանքային օրը:
Եթե քաղաքացին չի օգտվում արագացված ծառայությունից, սովորական ժամկետում կորած անձնագրի փոխարեն նորը տրամադրելու դեպքում այլ գումարներ չեն գանձվում:
Պետական տուրքի չափը նույնն է, ինչ անձնագիրը փոխանակելիս.
1.000 ՀՀ դրամ- հին նմուշի անձնագիրը
25.000 ՀՀ դրամ- բիոմետրիկ անձնագիրը»: