«Սա ամենավատը չէ, ինչ պատահել է և պատահելու է»

ԱՄՆ ֆինանսների նախարարը հրապարակել է աղմկահարույց «կրեմլյան ցուցակը»։ Ցուցակում ընդգրկված են Ռուսաստանի գրեթե բոլոր գործարարներն ու քաղաքական գործիչները, այդ թվում` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ու գործարար Սերգեյ Գալիցկին։

Ցուցակը չի նշանակում, որ այս անձանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, սակայն այս ցուցակում ներառվելը լուրջ խոչընդոտներ է ստեղծելու այս գործիչների արևմտյան գործարքների հարցում։ Ցուցակում ներառված որոշ անձանց նկատմամբ արդեն իսկ գործում են պատժամիջոցներ։ Ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկվել են 114 քաղաքական գործիչ և 96 գործարար։ Ցանկում ներառված է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի անունը։ Բացի այդ, այնտեղ կարելի է տեսնել նաև առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի, փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի, Ալեքսանդր Խլոպոնինի, Վիտալի Մուտկոյի, Արկադի Դվորկովիչի, Օլգա Գոլոդեցի, Դմիտրի Կոզակի և Դմիտրի Ռոգոզինի անունները։ Ֆինանսների նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն` ցանկում են նաև ՌԴ կառավարության անդամներն ու «Ռուսաստանի գլխավոր այլ գերատեսչությունների» ղեկավարները։

Բացի այդ, ընդգրկված են նաև «այլ քաղաքական առաջնորդների» անուններ, ներառյալ՝ Պետդումայի և Դաշնային խորհրդի ղեկավարությունը, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամները և պետական ընկերությունների ղեկավարները։

Ցանկը մասնավորապես համալրել են ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոնը, վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալներ Ալեքսեյ Գրոմովն ու Սերգեյ Կիրիենկոն, վարչակազմի ղեկավարի տեղակալներ Մագոմետսալամ Մագոմեդովը, Վլադիմիր Օստրովենկոն, Դմիտրի Պեսկովը (նախագահի մամուլի քարտուղար)։ Ցանկում կան, այսպես կոչված, օլիգարխներ. ԱՄՆ ֆինանսների նախարարության ցանկում են հայտնվել այն ձեռներեցները, որոնց ունեցվածքը «վստահության արժանի աղբյուրների տվյալներով»՝ առնվազն 1 մլրդ դոլար է կազմում։

Գործարարների ցանկում են Ալիշեր Ուսմանովը, Վագիտ Ալեքպերովը, Պյոտր Ավենը, Ելենա Բատուրինան, Անանև եղբայրները, Լեոնիդ Ֆեդունը, Սերգեյ Գալիցկին, Ֆիլարետ Գալչևը, Ռոման Ավդեևը, Միխայիլ Գուցերիևը, Եվգենի Կասպերսկին, Սուլեյման Կերիմովը, Իգոր Կեսաևը, Անդրեյ Կոսոգովը, Ալեքսեյ Կուզմիչևը, Վլադիմիր Լիսինը, Զիյավուդին Մագոմեդովը, Իսկանդեր Մախմուդովը, Ալեքսանդր Մամուտը, Լեոնիդ Միխելսոնը, Յուրի Միլները, Բորիս Մինցը, Ալեքսեյ Մորդաշովը, Գոդ Նիսանովը, Միխայիլ Պրոխորովը, Դմիտրի Պումպյանսկին, Վիկտոր Ռաշնիկովը, Կիրիլ Շամալովը, Օլեգ Տինկովը, Վիկտոր Վեկսելբերգը, Արկադի Վոլոժը, Վլադիմիր Եվտուշենկոն։

Ավելի վաղ Կոնգրեսն ընդունել էր «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին» օրենքը, որի համաձայն` Սպիտակ տունը պետք է հաշվետվություն ներկայացնի քաղաքականության տարբեր ասպեկտների մասին։ Մինչև հունվարի

29-ը նախագահի վարչակազմը պետք է Կոնգրեսին ներկայացներ Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած գործարարների մասին «կրեմլյան ցուցակը», որոնց նկատմամբ տեսականորեն կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Սակայն հանրությանն այդ զեկույցը չի ներկայացվել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «կրեմլյան ցուցակը» Ռուսաստանի նախընտրական արշավի վրա ազդելու ուղիղ և ակնհայտ փորձ էր անվանել։

ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովն անդրադառնալով ցուցակին՝ ասել է, թե կարևոր է հասկանալ, որ սա պատժամիջոցներ սահմանելու մասին որոշում չէ, այլ գործիչների ցուցակ, տվյալների բազա Արևմուտքի համար, որը հետագայում որոշումների կայացման հարցում կարող է օգտակար լինել. նրանցից ոմանք գուցե ապագայում սահմանափակումներ ունենան:

«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից կազմված այս բազան կօգտագործվի հետագայում տեղեկատվության պաշտոնական հավաքագրման, ինչպես նաև ամբողջական դոսյեների կազմման, և դրա հիման վրա՝ ԱՄՆ-ում քննչական գործողություններ ծավալելու համար: Ցուցակում ներառված 210 անձանցից 21-ն արդեն պատժամիջոցների տակ են:

Ամերիկյան իշխանությունները Ռուսաստանում իշխող խմբին հստակ ուղերձ են հղում, որ նրանց գործունեությունը լինելու է մանրադիտակի տակ: Եթե չինովնիկները շարունակեն լինել պուտինյան ագրեսիվ ռեժիմի մասը կամ աջակցեն նրան, ապա նրանք կարժանանան սահմանափակումների և մեկուսացման: Արդեն ներկայումս այս գործիչների անունների առկայությունն այդ ցուցակում կդժվարացնի նրանց գործունեությունը և նրանց ընտանիքների կյանքն արտերկրում: Կարելի է ենթադրել, որ բանկերը չեն ցանկանա գործ ունենալ այդ ցուցակի մասնակիցների հետ` ընկնելով ամերիկյան իշխանությունների վերահսկողության տակ»,- ասել է Կասյանովը:

Նրա խոսքով, ցուցակի հրապարակումն իշխող ուժին ծանր ընտրության առջև է կանգնեցրել` Արևմուտքը չի կարող աչք փակել այն փաստի վրա, որ Կրեմլին հավատարիմ գործիչները վայելում են արևմտյան քաղաքակրթության բարիքները, միևնույն ժամանակ՝ աջակցելով աշխարհակարգը փոխելու կրեմլյան փորձերին: Կասյանովի կարծիքով՝ իշխող ուժը և սովորական բիզնեսմենները պետք է ոչ թե զգացմունքներին տրվեն և պատերազմ հայտարարեն ԱՄՆ-ին, այլ, քանի դեռ ուշ չէ, հետևություններ անեն և իշխող ուժի քաղաքականության հարցում իրենց դիրքորոշումը հստակեցնեն:

«168 Ժամի» հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ «կրեմլյան ցուցակը» ոչ այնքան քաղաքական նպատակ ունի, ինչպես բոլորն են մտածում, որքան տնտեսական և բիզնես: Նրա որակմամբ՝ Թրամփն առաջնորդվում է «Ոչ մի անձնական բան, միայն բիզնես» կարգախոսով:

«Բացատրեմ, թե ինչու: Ցուցակում ընդգրկվել են բոլորը, ըստ էության` ողջ էլիտան, գործարարները, խոշոր բիզնեսմենները, բայց սա չի նշանակում՝ պատժամիջոց, ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ լինի Թրամփին, այս ցուցակն է գործի դրվելու և պատժամիջոցներ են սահմանվելու՝ սահմանափակելու համար այս կամ այն գործարարի բիզնես առաջխաղացումն Արևմուտքում, այսինքն` այստեղ խոսքը մրցակցության մասին է: Թրամփը կարծում է, որ գլոբալիզացիան՝ իր ներկայիս տեսքով, չի բխում ԱՄՆ-ի շահերից, ուստի պետք է վերանայվի, նա սկսել է վերանայել: Բոլոր քաղաքագետները՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, հիասթափված են այս ցուցակից, քանի որ դժվարանում են օրինաչափություններ գտնել, այնինչ օրինաչափություն չկա, նպատակը մեկն է, և այն գլոբալ է»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը:

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ հետևություններ պետք է անի այս ցուցակից, Լուկիանովը պատասխանեց, որ ցանկացած երկիր պետք է ներկայումս ուշադիր լինի այն որոշումների նկատմամբ, որոնք ԱՄՆ ներկայիս վարչակարգն է կայացնում, պետք է վերլուծի դրանք և զգուշանա: «Հաշվի առնելով հայ-ռուսական բիզնես, ֆինանսատնտեսական կապերի ինտենսիվությունը, այս ոլորտում հայ գործարարներն իրենց գործարքները ռուս գործարարների հետ կնքելիս՝ պետք է զգուշանան, քանի որ կարող են ընկնել ամերիկյան մանրադիտակի տակ»,- նկատեց Լուկիանովը:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին ասաց, որ բավականին ուշ, սակայն ամերիկյան էլիտան, նախորդ էլիտաները հասկացել են, որ Պուտինի հայտարարած հիբրիդային պատերազմի ձեռնոցն ընդունելուն այլընտրանք չկա:

Նա հիշեցրեց, թե որքան էին ռուս ընդդիմադիրները դիմում Արևմուտքին՝ չաջակցել Ռուսաստանում հզորացող պուտինյան ռեժիմին, չհզորացնել այն:

«Ինչո՞ւ մահացավ Նեմցովը, ինչե՞ր է հաղթահարում այսօր Նավալնին և ուրիշները, ի՞նչ էին նրանք տարիներ շարունակ ասում Արևմուտքին, այդ թվում՝ ես: Տարիներ անց, միայն այսօր ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարել այն ռեժիմին, որը, այդ թվում, ինքն է զարգացրել և այդ պատերազմում ամեն բան անելու է հաղթելու համար: Բայց հարցն այն է, որ հաղթելու համար ամերիկյան լծակները չափազանց շատ ու բազմազան են, ու ամերիկյան կողմը դա կարող է անել առանց Ռուսաստանի հետ ռազմական բախումների: Առաջին դեպքն է, երբ ՌԴ նախագահը, ինչպես սովորական հանցագործ՝ հայտնվում է նման ցուցակում:

Բայց սա ամենավատը չէ, ինչ պատահել է և պատահելու է Թրամփի վարչակազմի օրոք. եղել է ամերիկյան ազգային ռազմավարությունը, օգոստոսի 2-ի որոշումը, որում ինդիվիդուալ պատժամիջոցներ են սահմանված, որոնց արդյունքում Պուտինի շրջապատի ակտիվներն ամբողջությամբ կսառեցվեն, չափազանց մեծ գումարների մասին է խոսքը, այդ գումարները պետք է վերադարձվեն Ռուսաստանի ժողովրդին, թե ինչպես՝ դեռ դժվար է ասել»,- նշեց Պիոնտկովսկին:

Ռուս քաղաքական գործչի կարծիքով` այն երկրները, որոնք Ռուսաստանի հանցագործ իշխանությունների հետ ճանապարհ են անցնում, իրենց ապագան են կապում, պետք է կարևոր որոշումներ կայացնեն, քանի որ այս որոշումները վերաբերելու են բոլորին: «Հարցը միայն այս ցուցակը չէ, Այս պատերազմից տուժելու են բոլոր երկրները, որոնք իրենց ուղին կապել են Ռուսաստանի հետ, սրանից տուժելու են Պուտինյան ակումբը` ԵԱՏՄ-ն, Ռուսաստանի տնտեսությունը, որը, կարելի է ասել, որ չկա, բոլոր կեղծիքները բացահայտվելու են՝ այլընտրանք չթողնելով նորմալ համակարգի կայացմանը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս