Կարեն Կարապետյանը հանձնարարեց օպերատիվ պատասխանել Հյուսիս-հարավի կառուցման դոնոր կազմակերպությունների հարցերին
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանակում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ կան հարցադրումներ՝ կապված շինարարության իրականացման համար պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ: Նա նշեց, որ այդ հարցադրումները պահանջում են արագ և օպերատիվ լուծումներ:
«Մասնավորապես, այդ հարցադրումները բարձրացրել են և՛ բանկը, և՛ Չինաստանի դեսպանը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության նախարարների մասնակցությամբ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի մոտ կազմակերպել քննարկում և կառավարության անունից պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին: