«ԱՄՆ պատժամիջոցների հետքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններում ակնհայտ է». Ստյոպա Սաֆարյան

«2017թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «Պատժամիջոցներով ԱՄՆ հակառակորդներին դիմագրավելու մասին» օրենքը։ Փետրվարի 1-ին՝ այսօր, լրանում է այն 6-ամսյա ժամկետը, որով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը և ազգային հետախուզությունը պետք է համատեղ «Կրեմլյան զեկույց» ներկայացնեին Կոնգրեսին։ Ամերիկյան գործադիր իշխանությունները դա երկու օր շուտ արեցին և ներկայացրին անձանց մի ցուցակ, որոնց գործունեությունը նպաստում է ՌԴ ագրեսիվ քաղաքականությանը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ընդգծելով, որ, թեև զեկույցում կա գաղտնի մաս, որը հրապարակված չէ, սակայն ամերիկյան մամուլից մենք տեղեկանում ենք, որ այդ գաղտնի մասում նշված են մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է կիրառվի, ինչպես նաև ասվում է, որ այնտեղ կան անձինք, որոնք ներառված չեն հրապարակված ցուցակում, և դա մեթոդական ձեռնարկ է, թե ինչպես վարվել այս կամ այն զարգացումների դեպքում։

ՄԱՀՀԻ հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը քննարկման ընթացքում ներկայացրեց ԱՄՆ պատժամիջոցների վերաբերյալ իր կատարած հետազոտությունը։ «Հետազոտության ընթացքում անակնկալի էի գալիս, թե որքան շատ շերտեր մենք չենք նկատել այս վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցածում, որոնցում պատժամիջոցների հետքն ակնհայտ է եղել։ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի մեջ է, Հայաստանի տնտեսությունն ահռելի կախվածություն ունի ՌԴ տնտեսությունից, այստեղ ներդրումների մի մասն ապահովել են ռուս գործարարները, և Հայաստանում գրեթե 3 հազար ռուսական ձեռնարկություն է գործում, և կարելի է պատկերացնել մասշտաբները, թե ինչպես են ազդում այդ պատժամիջոցները մեզ վրա»,- նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ փաստաթղթում 17 անգամ հիշատակված է Ռուսաստանը, ամենատարբեր բաժիններում ամենատարբեր ասպեկտներով տրված են բավականին խիստ գնահատականներ.

«Ես վերցրել եմ այն գնահատականները, որոնք տրվել են տնտեսական ոլորտում, իսկ այստեղ 2 բավականին կոշտ դիրքորոշում կա՝ Չինաստանը և Ռուսաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ հզորությանը, ազդեցությանը և շահերին՝ փորձելով մաշեցնել ամերիկյան անվտանգությունն ու բարեկեցությունը։ Երկրորդ ձևակերպումը՝ նրանք մտադիր են նվազ ազատ ու արդար դարձնել տնտեսությունները, ավելացնել իրենց ռազմական կարողությունները, վերահսկել տեղեկատվությունն ու տվյալները՝ իրենց հասարակություններին ճնշելու և ազդեցությունն ընդլայնելու նպատակով։

Եվս մեկ ձևակերպում, որն առնչվում է պատժամիջոցների տնտեսական, ֆինանսական և քաղաքական թիրախներին՝ Չինաստանն ու Ռուսաստանը թիրախավորում են իրենց ներդրումները՝ զարգացող աշխարհում ազդեցությունն ընդլայնելու և ԱՄՆ-ի նկատմամբ առավելություն ստանալու համար, Ռուսաստանն իր ազդեցությունը պրոյեկտում է տնտեսապես Եվրոպայով և Միջին Ասիայով մեկ՝ առանցքային էներգետիկ և այլ ենթակառուցվածքները վերահսկելու նպատակով։ Այս ձևակերպումներն ուղղակիորեն կապված են Կոնգրեսի ընդունած ակտի թիրախների հետ։ Սրանք այն անձինք ու ընկերություններն են, որոնք համատեղ հանդիսանում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի պատժամիջոցների թիրախ»։

Սաֆարյանը նշեց, որ հետազոտության մեջ կոնկրետ դիտարկվել են հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանում նույնպես ունեն լայնամասշտաբ ծրագիր, կամ ունեն ներկայացվածություն և ազդում են Հայաստանի վրա.

«Կարելի է առանձնացնել երեք հիմնական սեկտոր՝ բանկային, որոնք սպասարկում են Կրեմլի աշխարհաքաղաքական պրոյեկտները, էներգետիկ և նավթարդյունաբերության ոլորտի հսկաներ՝ ի դեմս «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի», և երրորդ խումբը ռազմաարդյունաբերությունն է։ Սրանք ընկերություններ են, որոնք ներկայացվածություն ունեն Հայաստանում։ Ինչպես նշեցի՝ հիմնական թիրախում եղել են այն ընկերությունները, որոնք, օրինակ՝ ՌԴ էներգետիկ և այլ նախագծերը, աշխարհաքաղաքական ճնշման և երկրներին հպատակեցնելու գործիք են ծառայում, կամ այն ոլորտները, որտեղ ՌԴ-ն իր ռազմական կարողություններով փորձում է առավելություններ ստանալ իր մրցակիցների նկատմամբ, նաև վտանգում գլոբալ աշխարհակարգը»։

Ստյոպա Սաֆարյանը նկատեց՝ ցուցակում ներառված «Վնեշէկոնոմբանկը» Հայաստանում առնչվել է բավականին խոշորածավալ ծրագրերի, որոնք վերաբերել են ՌԴ-ին և ԱՊՀ տարածաշրջանում նրա շահերին.

«2009թ. խոշորագույն ծրագիր է իրականացվել, այդ թվում՝ մեր կառավարության մասնակցությամբ, որը կոչվում է «Էներգախնայողության բարելավման, էլեկտրական ցանցերում կորուստների նվազեցման և ԱՊՀ երկրներում էներգետիկ համակարգերի ինտեգրումը բարելավելու նպատակով Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ իրականացված ծրագիր»։ Սա հիշատակում եմ, որովհետև ՀՀ-ն վարկ է վերցրել Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկից 22.5 մլն եվրոյի և ուղղել մի ընկերության, որը պատկանել է Ռուսաստանի «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» խմբի մեջ մտնող ՀԷՑ-ին։ Եթե նախկինում «Վնեշէկոնոմբանկը» կամ որևէ այլ բանկ կարողանում էին Հայաստանում իրենց ընկերությունների համար վերցնել վարկեր, այժմ այդ հնարավորություններից զրկված են»։

2015թ. «Էլեկտրիկ-Երևան» շարժումն ու դրա առանցքում հայտնված ՀԷՑ-ի ճգնաժամը, ըստ Սաֆարյանի՝ արդյունք էին նաև սրա. «ԱՄՆ պատժամիջոցների հետքը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններում ակնհայտ է։ Ներդրումներ ներգրավելու համար ռուսական ընկերությանն այլ բան չէր մնում անել, քան բարձրացնել սակագինը՝ հայ սպառողի գրպանի հաշվին։ Արդյունքում՝ ընկերությունը վաճառվեց Սամվել Կարապետյանին, ով նույնպես հայտնվեց վերջին ցուցակում»։

Ինչ վերաբերում է «կրեմլյան ցուցակում» հայտնված «Գազպրոմ» ընկերությանը, Սաֆարյանն ասաց, որ դրա բաժնետոմսերի 35.5 տոկոսը պատկանում է «Գազպրոմին», 49.64 տոկոսը՝ «ԷնՊեԷֆ Գազֆոնդին», 10.19 տոկոսը՝ «Վնեշէկոնոմբանկին», որը Հայաստանում մասնաբաժին ունի «Առէկսիմբանկում» և գործում է նրա միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս