«Չեմ կարող ինձ թույլ տալ որևէ բացասական բան ասել Արմեն Սարգսյանի մասին». «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Դեռ պարզ չէ՝ «Ծառուկյան» դաշինքը երբ է հանդիպելու ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք դեռ չեն հանդիպել Ա. Սարգսյանի հետ, և հանդիպումը պետք է նախաձեռնի Ա. Սարգսյանը, ոչ թե իրենք:

«Այս պահին իր կողմից կոնկրետ առաջարկություն, ժամ ու ժամկետ չի մատնանշվել: Այս դեպքում ավելորդ է խոսել դեռևս չծրագրված հանդիպման մասին»,- հայտնեց Գ. Պետրոսյանը:

Հարցին՝ դուք ի՞նչ հարցեր ունեք Ա. Սարգսյանին, Գ. Պետրոսյանը պատասխանեց, որ Ա. Սարգսյանին տրվելիք հարցերը պետք է պայմանավորված լինեն իր ասելիքով, որովհետև, Գ. Պետրոսյանի խոսքով, դա մամուլի ասուլիս չէ, որ որևէ մեկը գա ու պատասխանի հարցերին. «Նախ պետք է լսել՝ ինչ ծրագիր ունի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելու մտադրություն ունեցող անձը: Մենք պետք է լսենք իրեն ու իր ասելիքից բխող հարցադրումներ կատարենք»:

Գ. Պետրոսյանը նշեց, որ իրենք որևէ մեկի հանդեպ ո՛չ անհարկի մեղադրանք են ուզում հնչեցնել, ո՛չ էլ չհիմնավորված լավատեսություն:

Հարցին՝ ո՞ր դեպքում «Ծառուկյան» խմբակցությունը կողմ չի քվեարկի Ա. Սարգսյանի օգտին, Գ. Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Սա այն հարցն է, որտեղ ցանկացած պատգամավոր պետք է ձեռնպահ մնա իր կարծիքը ներկայացնելու հավակնությունից, որովհետև, եթե դաշինքում քննարկում չի եղել, մենք դեռ չենք հստակեցրել այն պայմանները, որոնց առկայության կամ բացակայության դեպքում մենք կողմ կամ դեմ կլինենք, այս պահին ես անժամանակ և ոչ կոռեկտ եմ համարում ձեր հարցին պատասխանելը: Ինձ համար ցանկալի է, որ Հայաստանն ունենա այնպիսի նախագահ, որը կկարողանա իր շուրջը համախմբել ամբողջ ժողովրդին՝ իշխանությանը, ընդդիմությանը, և կարողանանք երկիրը դուրս բերել այս վիճակից»:

168.am-ի հարցին՝ հաշվի առնելով Ա. Սարգսյանի նախկին գործունեությունները՝ ի՞նչ կարող եք ասել նրա անձի մասին, Գ. Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Ես շատ դժվարանում եմ մարդկանց անձի մասին դատողություններ անել, սա այն դեպքը չէ, որ մարդու անձի մասին դատողությունները գերակայեն մեր անելիքներում: Ես իրեն անձամբ չեմ ճանաչում, ոչ մի բացասական բան չեմ կարող ինձ թույլ տալ ասել, գիտեմ, որ կարճաժամկետ աշխատել է ՀՀ-ի վարչապետ, բայց մեր միջև կա տարիքային բավականին տարբերություն, և ես չեմ շփվել իր հետ աշխատանքային գործունեության բերումով: Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր մարդկանց, մեզ համար հարգելի են բոլոր մարդկանց կարծիքները, բայց այլ է խնդիրը, թե այդ կարծիքները լսելու, նրանց հետ մեր քննարկումների արդյունքում՝ մենք կոնկրետ ինչպիսի քաղաքական կեցվածք կընդունենք նրանց հետ կապված մեր որոշումներում:

Ցանկացած մարդ, ով չունի արատավոր անցյալ, ակնհայտորեն չի դրսևորել այնպիսի վարքագիծ, որ ուղղված լինի ժողովրդի բարեկեցության դեմ, երկրի անկախության, ինքնիշխանության դեմ, մեր պետության արտաքին հեղինակության դեմ, մենք չենք կարող բացասական բան ասել, բայց կգա ժամանակը, կլինեն քննարկումները, և մեր քաղաքական կեցվածքը կլինի հրապարակային բոլորի համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս