Բաժիններ՝

Lրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել

Հունվարի 30-ին «Ազատություն» ռադիոկայանը և մի շարք այլ լրատվամիջոցներ տեղեկացրեցին, որ Medialab.am կայքի խմբագրությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

Ընդ որում սպառնացողն ակնարկել է, որ Medialab.am-ը կարող է արժանանալ 2015թ. հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։

Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։ Հիշեցնենք, որ 2016թ. օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին Medialab.am-ի գլխավոր խմբագրի մեքենայի ապակիները և գողացել էին երկրի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։

Այս դեպքում ֆեյսբուքյան օգտատիրոջ անունը հայտնի է, և նույնիսկ եթե այն կեղծ լինի, իրավապահ մարմինները բոլոր հնարավորություններն ունեն պարզելու անձի ինքնությունը եւ հայտնաբերելու նրան։

Հաշվի առնելով, որ.

  • սպառնացողը որպես խմբագրությանը սպասվող վտանգի օրինակ է բերել իսլամական ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկված և 10 զոհ տված «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի կրած ողբերգությունը,
  • վտանգն իրական համարելով՝ Մարիաննա Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին,

մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.

  • ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար,
  • ՀՀ ոստիկանությունից՝ մինչև վերոհիշյալ գործընթացի ավարտը պատշաճ հսկողություն իրականացնել և ապահովել խմբագրության անվտանգությունը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս