
Հայաստանի ռուսական ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումը դիմագրավել է պայմանական հակառակորդի գրոհը

Հայաստանի ռուսական ռազմակայանում, զորամիավորման մարտական պատրաստության մեկշաբաթյա հատուկ տակտիկական պարապմունքների անցկացման շրջանակներում, վաշտային տակտիկական խմբի զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում դիմագրավել են պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի գրոհը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, 100 կիլոմետր ռազմերթի իրականացման ընթացքում ռազմակայանի վաշտային տակտիկական խումբը պայմանական հակառակորդի հարձակվող դիվերսիոն հետախուզական խմբերի կրակային ճնշման եւ ոչնչացման առաջադրանքներ է կատարել հրազենի բոլոր տեսակների եւ մարտական մեքենաների սպառազինության, տանկերի, հրանոթների, զենիթահրթիռային համալիրների կիրառմամբ, օդից կործանիչ եւ բանակային ավիացիայի աջակցությամբ:
Մարտական պատրաստության պարապմունքների ընթացքում զորամիավորման ստորաբաժանումների պրակտիկ գործողությունների հսկողությունը իրական ժամանակի ռեժիմով ապահովել են անօդաչու թռչող սարքերի համալիրների հաշվարկները:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների հատուկ տակտիկական պարապմունքներում, ռազմակայանի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի որոշմանը համապատասխան, կիրառվում է հետախուզական-կրակային (հարվածային) կոնտուրների մեթոդիկան՝ կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ:
Ընդամենը գործնական պարապմունքներում ներգրավված են 2 հազարից ավելի զինծառայողներ եւ ավելի քան 500 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: