
Փյոնչհանում պաշտոնապես բացվել է Օլիմպիական ավանը

Հարավկորեական Փյոնչհանում տեղի է ունեցել Օլիմպիական ավանի բացման արարողությունը, որտեղ բնակվելու են 2018-ի Խաղերի մասնակից թիմերի պատվիրակությունների անդամները: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը:
Օլիմպիական ավանը բաժանված է երկու մասի: Առաջինը, որը գտնվում է լեռներում, կընդունի 3500 մարդու: Դրանում կբնակվեն լեռնադահուկորդները, բիաթլոնիստները, բոբլեյիստները, սահնակորդները, սքելետոնիստները, սնոուբորդիստները, ֆրեյստալիստները եւ դահուկորդները: Երկորդը, որը կտեղավորի 2700 մարդ, գտնվում է ծովափին եւ նախատեսված է հոկեյիստների, գեղասահորդների, քեռլինգիստների, չմշկորդների ու շորտ-տրեկիստների համար:
Օլիմպիական ավանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են 2018-ի Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը եւ Հարավային Կորեայի Ազգային օլիմպական կոմիտեի նախագահ Լի Կի Հընը: Օլիմպիական ավանում բարձրացվել են Խաղերի մասնակից բոլոր երկրների, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի դրոշները: Օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 9-ից մինչեւ 25-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: