Բաժիններ՝

Անչափահաս որդուց պահանջել է կատարվածի մասին ոստիկաններին չպատմել և ծեծել է

Կնոջն ու անչափահաս որդուն ծեծի ենթարկելու համար 50-ամյա տղամարդը դատապարտվել է տուգանքի:

Ըստ մեղադրանքի՝ Սյունիքի մարզի բնակիչ Ստեփան Գ.-ն 2017 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, ծեծի է ենթարկել նախկին կնոջը և անչափահաս որդուն:

Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` 2 դրվագով, այն բանի համար, որ նա, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Երևան գնալու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել նախկին կնոջը` Գ.Գ-ին, ձեռքերով և ոտքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, նույն օրը նա, կնոջը ծեծի ենթարկելուց հետո, անչափահաս որդուց պահանջել է, որ կատարվածի մասին ոստիկաններին չպատմի և ծեծի է ենթարկել նաև որդուն:

Տղամարդն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և հրաժարվել է դատարանում ցուցմունքներ տալուց, սակայն նախաքննության ժամանակ հայտնել է, որ այդ օրը մտել է տուն և տեսել նախկին կնոջն ու որդուն, ապա հավաքված իրեր է նկատել և կնոջը հարցրել, թե ինչու է դրանք հավաքել:

Որդին պատասխանել է, որ վաղը մոր հետ պետք է Երևան գնան: Երևան գնալու մասին հորը տեղյակ պահելու համար կինն ապտակել է որդուն, ինչի պատճառով տղամարդը ձեռքով հարվածել է նախկին կնոջ գլխին: Դրանից հետո նա ասել է, որ զանգահարելու է ոստիկանություն և դուրս է եկել տնից: Հայրը որդու հետ գնացել է նրա հետևից: Երբ հասել են կնոջը, վերջինս բարկությունից հարվածել է որդուն, ինչի պատճառով ամուսինն էլ իր հերթին կրկին հարվածել է կնոջը:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի՝ նախաքննությամբ տված ցուցմունքն արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը և գործի փաստական հանգամանքներին:

Այսպիսով, Ստեփան Գ.-ն մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքներում և պատիժների համակցությամբ դատապարտվել է 100 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս