Բաժիններ՝

Գյումրու մշակույթի վարժարանի նախկին կին հաշվապահն ու տնօրենը դատապարտվել են

Շիրակի մարզի ընդհանու իրավասության դատարանի վճռով՝ «Գյումրու մշակույթի վարժարանի» նախկին գլխավոր հաշվապահն ու տնօրենը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում և դատապարտվել:

Նախկին հաշվապահ Ա. Հ.-ն դատապարտվել է 5 տարվա ազատազրկման. նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան:

Նախկին տնօրեն Ս. Հ.-ն դատապարտվել է տուգանքի՝ 1.000.000  դրամի չափով՝ հօգուտ պետական բյուջեի՝ երկու տարի ժամկետով զրկելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականից 2015 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատելով «Գյումրու թիվ 12 ավագ դպրոց» ՊՈԱ կազմակերպության և դրա իրավահաջորդ «Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱ կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնում, 2013 թվականից 2015 թվականն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով` մեկ միասնական հանցավոր մտադրությամբ, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի 9.859.447 դրամ գումարը:

Ս. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նշանակված լինելով «Գյումրու թիվ 12 ավագ դպրոցի» տնօրենի պաշտոնում և այդ պաշտոնը զբաղեցնելով նաև կազմակերպության վերակազմավորումից հետո իրավահաջորդ «Գյումրու մշակույթի վարժարանում», 2013-2015 թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր մտադրությամբ՝ նպատակ ունենալով յուրացման եղանակով զգալի չափերի գումարներ հափշտակել, կազմակերպության աշակերտներից պարտադիր վճարման ենթակա դասագրքերի վարձավճարներ հավաքագրված և «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» հաշվեհամարին վճարելու համար գրադարանավարուհիների ստորագրությամբ մաս-մաս ստացած ընդհանուր 364.150 դրամ գումարից 60.000 դրամ գումարը 2014 թվականի մարտի 14-ին վճարել է հիմնադրամի հաշվեհամարին, իսկ մնացած 304.150 դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր` կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունները, որի հետևանքով կազմակերպության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած` առանձնապես խոշոր չափերի` 9.859.447 դրամ գումարի գույքային վնաս:

Ըստ դատական ակտի՝ մինչ քրեական գործով դատաքննությունը սկսելը, ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս