«Մենք մեր ծախսերը կրճատում ենք, իրենք ավելացնում են». Սերգեյ Ստեփանյանը՝ Հարկային օրենսգրքի մասին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 26-ին հանդիպել է տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Վերջինս 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ կարևոր հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ։
«Հանդիպումը մոտ 2.5 ժամ տևեց, բոլոր թռչնաբույծները հավաքվել էին։ Ամփոփեցինք տարին, և 2018թ. անելիքները քննարկեցինք։ 2017թ. մոտ 7.5-8% աճ կար թռչնամսի արտադրության ոլորտում՝ 2016թ. համեմատ։ Այս 5 տարվա մեջ առաջին անգամ էինք այդքան աճ ունենում, նախորդ տարիներին 4-4.5% է աճը եղել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ քննարկմանը խնդիր է դրվել՝ ներկրվող թռչնամիսը հնարավորինս կրճատել, փոխարինել տեղական արտադրությամբ.
«Խոսվել է հնարավորությունների մասին, նշվել, որ ունենք այդ կարողությունները, և մինչև 2025 թվականը իրականացվելիք ծրագրով տեղական արտադրությունը 50-51%-ի հասցնել։ Նշվել են այն միջոցառումները, որոնց արդյունքում կարող ենք դրան հասնել։ Կառավարությունից ֆինանսական աջակցություն չի պահանջվել, ավելի շատ վարչական օգնություն է պահանջվել՝ ներկրողների հետ շուկայում հավասար մրցակցային դաշտ ապահովելու վերաբերյալ։
Բավականին անորակ թռչնամիս է ներկրվում՝ շատ էժան գնով, ընդհուպ՝ մինչև 530 դրամով, ու մաքսազերծվում, որն ազդում է մրցակցության վրա։ Դա է պատճառը, որ թռչնաբույծների միության խնդրանքով «Կուրնիկով» արտադրատեսակը հանվեց շուկայից, քանի որ բացարձակապես չէր համապատասխանում չափորոշիչներին»։
Թռչնաբույծների միության նախագահն ասաց, որ քննարկմանը բարձրացվել է նաև Հարկային օրենսգրքում թռչնաբույծներին վերաբերող հատվածում փոփոխություններ կատարելու մասին հարցը. «Հարկային օրենսգրքում արվել է փոփոխություն, որից դժգոհ են բոլոր թռչնամիս արտադրողները, որովհետև նախապես բացարձակապես քննարկում չի արվել այն կետը, որ թռչնի միսն ակցիզային հարկով հարկվի. դրոշմապիտակ պետք է դրվի։ Նախարարությանը խնդրեցինք նորից քննարկում կազմակերպել, և օրենքում լրացուցիչ փոփոխություն կատարվի, որովհետև ով գրել է դա, դրա մեթոդոլոգիան չի պատկերացնում։
Թարմ պաղեցրած հավի ո՞ր մասում պետք է դրոշմապիտակ ամրացնել, որ չպոկվի, որովհետև 100 տոկոսով պոկվում է, և քանի որ թարմ պաղեցված հավն ունի քաշի տարբերություն՝ արտադրությունից մինչև սպառում ջրի կորուստ է լինում, և այլն, նախատեսվում է, որ քաշի տարբերության դեպքում 500 հազար դրամ է գանձվելու։ Աբսուրդ է, գրել են՝ առանց հասկանալու, թե ինչ են գրում։ Մենք առաջարկել ենք, որ սա վերանայվի, հանձնաժողով կազմվի, պրոցեսը հանձնաժողովը սկզբից մինչև վերջ ուսումնասիրի, տեսնի՝ հնարավորություն կա՞ դրոշմանիշերը փակցնելու, թե՞ ոչ»։
Սերգեյ Ստեփանյանն ընդգծեց՝ միայն այդ դրոշմանշման համար թռչնաբույծները լրացուցիչ և բավականին մեծ ծախս պետք է կատարեն. «Այսինքն՝ մարդը հազիվ օրը 500 գլուխ դրոշմապիտակ ամրացնի, գումարած՝ դա պետք է կատարվի առավոտ շուտ, և այլն։ Ամենաքիչը 6 հոգի մարդ է պետք, և, որ հաշվում ես, լրացուցիչ ծախս է։ Մենք մեր ծախսերը կրճատում ենք, իրենք ավելացնում են։ Մեր դժգոհությունը դա էր։ Նախարարին խնդրել ենք, որ միջոցներ ձեռնարկի, և սրանից հետո այն հարցերը, որոնք վերաբերում են մեզ՝ արտադրողներիս, քննարկեն մեր ներկայությամբ, մեր կարծիքը հաշվի առնեն, առանց մեզ ոչինչ չանեն։ Սա էլ արդեն որերորդ դեպքն է՝ այսպես են անում»։