«Հիմա մեծ թիվ ունենք, որի ձեռքը կրակն ենք ընկել». Ձվի գինը կարող է նվազել

«Ձվի արտադրության բնագավառում 2017թ. մի փոքր զիջեցինք 2016 թ. արտադրությանը։ Դա հատկապես պայմանավորված էր նրանով, որ նոյեմբեր ամսին խնդիր ունեցանք՝ չկարողացանք նախատեսված արտադրությունը կազմակերպել։ Իհարկե, օբյեկտիվ պատճառաբանություն կար՝ փետրվար-մարտ ամիսներին թռչնագրիպի տարածքային կարանտինի պատճառով չկարողացանք ածան հավերին ժամանակին կոմպլեկտավորել, և, բնականաբար, նոյեմբեր ամսվա ռոտացիան ձգձգվեց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ ձվի արտադրությունը կտրուկ ավելացել է դեկտեմբեր-հունվար ամիսներին։

«Հիմա մեծ թիվ ունենք, որի ձեռքը կրակն ենք ընկել, պետք է այդքանն իրացվի»,- ասաց նա։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ դրանով պայմանավորված գնանկում լինի, նա պատասխանեց՝ հնարավոր է. «Ես հաստատ չեմ ասում, որովհետև նման բան ասել չի կարելի։ Եթե մյուս արտադրատեսակների գները բարձրանում են, իսկ մի արտադրատեսակի գինը նվազում է, դա միայն ու միայն գերարտադրությունից կարող է լինել, ուրիշ ոչ մի բանից։ Հնարավոր է՝ գնանկում լինի, ուղղակի չեմ կարող համոզված ասել։ Քանի որ միանգամից ձվարկումը սկսվել է դեկտեմբեր-հունվար ամիսներին, այդ գլխաքանակները մտել են մթերատվության տակ, որին անհամբեր սպասում էինք նախորդ տարվա նախատոնական առևտրի ժամանակ, հիմա ձվի արտադրության քանակն ամբողջ հունվարին ավելացել է»։

Տեսանյութեր

Լրահոս