«Այս համագործակցության առաջին հասցեատերը և շահառուն, իհարկե, ՀՀ քաղաքացին է»․ Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքներով:

«Շնորհակալ եմ Մեծարգո՛ Գլխավոր քարտուղար,
Տիկնա´յք և պարոնա´յք,

Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու Եվրոպայի խորհրդում: Իմ այցը համարում եմ խորհրդանշական, քանի որ վաղը՝ հունվարի 25-ին, լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 17 տարին: 2018-ի Հայաստանը բոլորովին այլ է, քան 2001-ինը. մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրա-պնդման գործում, որտեղ իր զգալի ներդրումն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը: Մենք շնորհակալ ենք դրա համար։

Ինչպես միշտ, Գլխավոր քարտուղար Յագլանդի հետ բովանդակալից քննարկում ունեցանք: Ուրախությամբ եմ արձանագրում, որ քննարկված հարցերի շուրջ մեր տեսակետները շատ մոտ են միմյանց։ Երկուստեք արձանագրեցինք, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց և արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ։ Այդ մասին են փաստում նաև Եվրոպայի խորհրդի կանոնադրային և մոնիտորինգային մարմինների զեկույցները։ Այս համագործակցության առաջին հասցեատերը և շահառուն, իհարկե, Հայաստանի Հանրապետության քաղաքացին է. սա է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած հանձնառությունների պատշաճ իրագործման մեր տեսլականը:

Հայաստանը ներկայումս սահուն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձևին: Շնորհակալ ենք, որ այդ գործընթացին ևս Եվրոպայի խորհուրդն իր արժեքավոր նպաստն է բերում։ Անշուշտ, նոր Սահմանադրության ներքո շարունակում ենք օրենսդրական համալիր բարեփոխումները Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ անկախ մոնիտորինգային կոմիտեների հետ համագործակ-ցությամբ։

Իհարկե, քննարկեցինք նաև ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Շնորհակալություն հայտնեցի պարոն Յագլանդին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու համար, ինչն էական է բանակցային գործընթացի առաջմղման առումով։ Վերահաստատեցի աջակցությունը Գլխավոր քարտուղարի կողմից քանիցս հնչեցված տեսակետին, որ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում չպետք է լինեն «գորշ գոտիներ»։ Սա նշանակում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է հավասարապես դիտարկի հակամարտությունների գոտիներում բնակվող քաղաքացիների իրա-վունքները՝ առաջնորդվելով կարգավիճակի հարցում «չեզոքության սկզբունքով»։

Համակարծիք էինք միջազգային տարբեր կառույցների իրավասությունների տարանջատման և նրանց միջև «աշխատանքի բաժանման» հարցերում։ Այս համոզմամբ վերստին փաստեցինք, որ Եվրոպայի խորհրդի գերակայությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն է։ Ինչ վերաբերում է հակամարտությունների կարգավորմանը, ապա այդ հարցում իրավասու են տվյալ հակամարտության կարգավորման համար միջազգայնորեն համաձայնեցված մանդատ ունեցող կառույցներն ու ձևաչափերը:

Ուրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ պարոն Յագլանդին հաջողվում է արդյունավետորեն առաջ տանել Եվրոպայի խորհրդի օրակարգը և բարձր պահել կազմակերպության հեղինակությունը: Հավատացած ենք, որ մեր կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման գրավականը երկխոսութ-յունն է, և այդ երկխոսության մեջ պետք է լսելի լինի անխտիր բոլոր անդամ պետությունների ձայնը՝ Եվրոպայի խորհրդի ամբողջականության և միասնական-նության ապահովման նպատակով։

Վերահաստատեցի պարոն Յագլանդին ուղղված՝ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ մեր բաց ու կառուցողական երկխոսությունը շարունակելու, Հայաստան-ԵԽ օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև տեղում գնահատելու սահմանադրական բարեփոխումների արդյունքները, որոնցում, ինչպես արդեն ընդգծեցի, իր ուրույն ներդրում է ունեցել Եվրոպայի խորհուրդը։

Շնորհակալ եմ»:

Տեսանյութեր

Լրահոս