Բաժիններ՝

«Կարագը թանկացե՞լ է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ». Նիկոլ Փաշինյան

«Ստեղծվել է, այսպես ասած, պատկերավոր կշեռք, որի մի նժարին դրվել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները, էդ թվերի ինչ-որ կշիռներ են ձևավորվել և ստացվել է, որ 2.6% է գնաճը։ Ի՞նչ է սստացվել. ստացվել է, որ եթե սերուցքային կարագը պաշտոնական թվերով 41% թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու 48% էժանացումը, եթե, օրինակ, գառան միսն է 28.9% թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18.2% էժանացումը, և ստացվում է էն փիլիսոփայությունը, որի վրա հիմնվելով կառավարությունն ասում է՝ գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա, որովհետև, ի վերջո, խոսքը ինչի՞ մասին է, երբ ասում ենք՝ սնունդ, խոսքը սնվելու մասին է, և որևէ պրոբլեմ չկա։

Օրինակ՝ կարագը թանկացե՞լ է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ է եղել որ։ Կենտրոնական բանկի նախագահն ասեց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար է, բայց գիտությունը գիտե՞ք երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք վիտամիններ կան մեջը: Ի՞նչ է եղել։ Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, գիտե՞ք ինչ օգտակար է կանաչ սոխը, որևէ մեկը կասկածի տակ դնո՞ւմ է կանաչ սոխի օգտակարությունը, կամ խոզի միսը թանկացել է՝ է, սխտոր կերեք, ձեր ցավը տանեմ։ Բենզինը թանկացե՞լ է, էն օրը ցույց տվեցինք, բրդեք ձեր ավտոները, ի՞նչ է, թևերիդ մեջ ուժ չկա՞, համ էլ ֆիթնես է»,- այսօր ԱԺ-ում գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա հարցադրում արեց՝ եթե կարագը թանկացել է, ինչո՞ւ Հայաստանում գյուղացիներից մթերվող կաթի գինը չի թանկացել. «Իմիջայլոց, կարագը պատրաստում են կաթից»։

Ըստ նրա՝ սպառողական զամբյուղում ամեն ապրանքի կողքը գրվում է տեսակարար կշիռը, և խառը կանաչու ու կարագի տեսակարար կշիռները նույնը չեն, թանկացած ապրանքներն իրենց տեսակարար կշիռով կրկնակի ծանր են, քան էժանացած ապրանքները: Ն.Փաշինյանի կարծիքով՝ մեր կառավարության ներկայացուցիչներն իրականությունը ներկայացնում են այնպես, ինչպես google translate-ն է թարգմանում, այսինքն՝ անհասկանալի և իրականության հետ կապ չունեցող:

Մեջբերելով ֆինանսների նախարար Վարդան Արամյանի միտքը, թե 2011-ին 7 % գնաճի պայմաններում «մա՞րդ է մեռել», պատգամավորը հորդորեց՝ «Փակեք լսումները, ստեղ ասում են՝ կանգնացրեք լսումները, գնանք տներով, ժողովուրդ ջան։ Այսինքն՝ մեր չափանիշը էն ա՝ մարդ մեռե՞լ է, թե՞ չէ: Հայաստանում էնքան բանից մարդ չի մեռնում, տնտեսության չզարգացումից մարդ մեռնո՞ւմ է, թե՞ չէ։ Է՞ս է մեր չափանիշը»:

Փաշինյանի դիտարկմամբ՝ այս լսումներն իշխանությունը կազմակերպել է ասելու համար, որ Հայաստանում գնաճ չկա։

Նա կոչ արեց ՀՀ քաղաքացիներին՝ փետրվարի 5-ին ժամը 18։00-ին, հավաքվել կինո Մոսկվայի մոտ՝ տոնակատարության, որ նշեն «ուրախ և ձրի կյանքի խրախճանքը», և շնորհակալություն հայտնեն ՀՀԿ-ին՝ այս անհոգ կյանքի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս