Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալվում են «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ արտահայտվող գործիչները

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալություններ են սկսել ողջ երկրի տարածքում այն անձանց շրջանում, ովքեր սոցիալական մեդիաներում գրառումներ են կատարում թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության մասին: Ինչպես հաղորդում է թուրքական Diken պարբերականը, ձերբակալվածների շարքում լրագրողներ են և քաղաքական գործիչներ:

Անկարայում, Դենիզլիում, Մանիսայում, Վանում, Իգդիրում, Մերսինում և Մուշում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է առնվազն 42 մարդ: Իրավապահ մարմինները նշել են, որ ձերբակալվածները «ժողովրդին դրդել են ատելության և թշնամանքի, ահաբեկչական խմբավորման քարոզչություն, սադրիչ գործողության կոչ են արել»:

Ձերբակալվածների շարքում են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներ:

Թուրքիայում մի խումբ մտավորականներ, ակտիվիստներ և քաղաքական գործիչներ դեմ են արտահայտվել Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը: Երկրում իշխանություններն արգելել են այդ թեմայով բողոքի ցույցերի անցկացումը: Ստամբուլում ցույց նախաձեռնող խմբից 12 մարդ ձերբակալվել էր:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիան սահմանը: Գործողություններին մասնակցում են զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտնել 3 ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս